Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ, ՈՐ ՔՆՆԵՆ

Մայիս 08,2010 00:00

Այս հարցում էլ մենաշնորհը ԳԹԿ-ինն է
Առաջիկա շաբաթվա ընթացքում ԳԹԿ վերապատրաստումների բաժինը ՀՀ բոլոր մարզերում վերապատրաստումներ կիրականացնի միասնական քննությունների կարգի կազմակերպիչների շրջանում: Հետագայում կվերապատրաստվեն նաեւ օպերատորները, միասնական քննությունների գործընթացին մասնակից ԳԹԿ-ի ներկայացուցիչները, քննական կենտրոնների ղեկավարները: Վերջիններս կվերապատրաստվեն մայիսի վերջին, քանի որ միայն այդ ժամանակ հայտնի կդառնան նրանց անունները: Այս տարի ԳԹԿ-ն մեկ նորամուծություն է արել. եթե նախորդ տարիներին միասնական քննությունների կազմակերպիչներ ընտրվել են ուսուցիչները, ապա այս տարի՝ նաեւ ուսանողները:
«Առավոտը» ԳԹԿ վերապատրաստումների բաժնի պետ Ալեքսան Եսայանից հետաքրքրվեց՝ մտավախություն չկա՞, որ ուսանողները կցանկանան օգնել համարյա իրենց տարեկից ընկեր-դիմորդներին: Նա պատասխանեց. «Բուհերին, նախընտրելի է մանկավարժական, խնդրել ենք ներկայացնել 3-4-րդ կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներին: Ռիսկ չեմ տեսնում, հակառակը, ուսանողները գուցե ավելի պատասխանատվությամբ մոտենան: Ուսուցիչները սովորաբար ավելի են հուզվում քննությունների ընթացքում, քանի որ նրանց աշակերտներն են քննասենյակում, չնայած նախորդ տարիներին քննական պրոցեսը նորմալ է ընթացել: Մյուս կողմից էլ ուսանողների մասնակցությամբ ապահովվում է գործընթացին հասարակության մասնակցությունը: Հետագայում նախատեսում ենք նաեւ ծնողների, հասարակության այլ շերտերի մասնակցությունը միասնական քննություններին, ինչը գործընթացը հասարակության համար ավելի թափանցիկ եւ ընկալելի կդարձնի»:
450 կազմակերպիչները կվերապատրաստվեն 1 կամ 2 օր: Վերապատրաստումների ընթացքում հիմնականում ստեղծվում են իրավիճակներ, որոնք հնարավոր է առաջանան քննությունների ընթացքում եւ ըստ այդմ վերապատրաստվող տարբեր խմբերի ներկայացուցիչներ դրսեւորում են իրենց ստացած գիտելիքները: Որպես ուսումնական նյութ օգտագործվում է նախորդ տարիների փորձի հիման վրա ԳԹԿ-ի նկարահանած ֆիլմը:
Քանի որ վերապատրաստումների իրականացման մենաշնորհը ԳԹԿ-ինն է, Ա. Եսայանից հետաքրքրվեցինք՝ ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ այս վերապատրաստումների համար էլ մրցույթ հայտարարվեր, ինչի արդյունքում վերապատրաստումների որակն ավելի կբարձրանար: Նա պատասխանեց. «Դա էլ է նպատակից կախված: Վերապատրաստումներն այժմ բոլոր ոլորտներում են կարեւորվում, քանի որ անընդհատ կրթություն ապահովելու խնդիր կա: Այսօր կյանքն այնպիսին է, որ մարդ չի կարող սովորել, ստանալ մասնագիտություն, աշխատել, ու այլեւս սովորելու բան չունենալ: Իհարկե, մրցակցությունը կարող է բերել որակ, մյուս կողմից էլ՝ մեր մասնագետները տարբեր վերապատրաստումների են մասնակցում, որոնք մրցության հիմունքով շահում են: Կոնկրետ միասնական քննությունների հետ կապված գործառույթների համար պատասխանատու է ԳԹԿ-ն, հատուկ վերապատրաստումների համար բաժին է ստեղծել, ու վերապատրաստումները միայն միասնական քննությունների հետ կապված չեն: Մենք աշխատում ենք նաեւ այն ուղղությամբ, որ Հայաստանում պատրաստենք գնահատման մասնագետներ: Համենայնդեպս, լավ միտք է, դրա մասին կարելի է մտածել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել