Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Հակոբ Իվանի Հակոբյանի մասին առաջին անգամ է գրվում հայրենի մամուլում: Որեւէ մեկը պատերազմն ավարտվելուց հետո նրան չի մոտեցել, իսկ համեստությունն էլ իրեն թույլ չի տվել մոտենալ, ներկայանալ…
Խորհրդային բանակում ծառայելուց հետո նա նոր էր վերադարձել գյուղ, երբ սկսվեց արցախյան ազատամարտը:
Նա կամավոր մեկնեց մարտադաշտ: 1992թ. մասնակցեց ԼՂՀ Մարտակերտի պաշտպանական մարտերին, Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ՝ Հորադիզի, իսկ 1993թ. մայիսի 15-ին Փափրավենդ գյուղի պաշտպանության ժամանակ վիրավորվեց գլխից՝ ստանալով կոնտուզիա եւ բեկորային վնասվածքներ:
Ապաքինվելուց հետո 1993թ. հոկտեմբերին քաջարի զինվորը նորից մեկնեց Մարտակերտ, մասնակցեց ազատագրական մարտերին: 1995թ. պատերազմական հիվանդությունները գլուխ բարձրացրին եւ նա հուլիսին զորացրվեց:
2-րդ խմբի հաշմանդամ Հակոբ Հակոբյանը ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի պահակն է: Այդ գործն անում է, իր խոսքերով, «հասարակական հիմունքներով»:
Նա պարգեւատրվել է «ՀՀ մարտական ծառայություն», պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ԵԿՄ հուշամեդալով, շնորհակալագրով, պատվոգրով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: Բնակվում է մեկ սենյականոց բնակարանում: Կինը վիրահատված է եւ չի աշխատում: 18-ամյա դուստրն ուզում է մանկաբարձ դառնալ, բայց ազատամարտիկը չի կարողանա 55 000 դրամ հիվանդության թոշակով երեխայի ուսման վարձավճարը տալ:
Մարտակերտն ազատագրելուց հետո չի եղել այնտեղ եւ միակ թաքուն երազանքն է՝ մեծ սիրով գնալ իրենց դիրքերը: