Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄՀԱՐԶԻՑ՝ ԶԻՆԿՈՄ

Մայիս 08,2010 00:00

Պատերազմի վետերանի երկարակեցության գաղտնիքը

95-ամյա Ահարոն Գեւորգյանը ծնվել է Մեղրու շրջանի Լիճք գյուղում: Ավարտել է գյուղի 7-ամյա դպրոցը, ընդունվել Երեւանի մանկավարժական տեխնիկումի հեռակա բաժինը եւ 2 տարի ֆիզիկա, մաթեմատիկա դասավանդել իր հարազատ դպրոցում: Ուսումնատենչ պատանին գալիս է Երեւան՝ բարձրագույն կրթություն ստանալու, բայց միջնակարգ դպրոցի ավարտական չունենալու պատճառով ընդունվում է նորաբաց հիդրոմելիորատիվ-հողաշինարարական տեխնիկում: 3-րդ կուրսի գերազանցիկ ուսանողը էքստեռն քննություններ է հանձնում եւ ստանում ավարտական վկայական: Ապա ընդունվում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի երեկոյան բաժինը, բայց չի թողնում ուսումը տեխնիկումում: Այն ավարտելուց հետո դառնում է Մոսկվայի համանուն ինստիտուտի ուսանող, թեեւ գերադասում է մնալ Հայաստանում եւ աշխատանքի է ընդունվում Երեւանի ճարտարապետական պլանավորման վարչությունում որպես տեղագիր (տիպոգրաֆ):
Սկսվում է պատերազմը:
4-րդ կուրսի ուսանող Ահարոնը պահեստային էր, բայց ուզում է մեկնել ռազմաճակատ, սակայն նրան այլ ուղի էր վիճակված անցնելու: 1941թ. դեկտեմբերին նրան գործուղում են սովորելու Թելավիի 4-ամսյա հրամանատարական դպրոցում, ուր ստանում է լեյտենանտի կոչում եւ անմիջապես ծառայության անցնում Հայկական 408-րդ դիվիզիայում: Նրան նշանակում են 663-րդ գնդի համհարզ: 1942թ. սեպտեմբերին հայկական դիվիզիան տեղափոխվում է Նովոռոսիյսկ: Այստեղ էլ Ահարոն Գեւորգյանը դառնում է դիվիզիայի կապավորը, ապա Տուապսեի 18-րդ բանակի ավագ համհարզը: Նույն թվականին նա ծանր վիրավորվում է ոտքից եւ բուժվում Սոչիի զինվորական հոսպիտալում. բժշկական հանձնաժողովի որոշմամբ նա արդեն պիտանի չէր շարային ծառայության համար եւ ուղարկվում է Հայաստանի հանրապետական զինկոմիսարիատ, որտեղից նշանակում է ստանում Մեղրիի շրջզինկոմիսարիատում որպես հրահանգիչ, ապա նաեւ զինկոմ: Հետագայում զինկոմ է աշխատել Միկոյանի, Սիսիանի եւ Գորիսի շրջաններում: Զորացրվել է զինծառայությունից 1961թ., վերադարձել Երեւան, շարունակել թերի թողած ուսումը Պոլիտեխնիկական ինստիտուտում եւ աշխատել ավտոտրանսպորտի, ապա արդյունաբերական շինարարության նախարարություններում: Մինչեւ 1988թ.՝ կենսաթոշակի անցնելը, 3 առարկա է դասավանդել շինարարական վարպետների միամյա դպրոցում (15 տարի շարունակ):
Վետերանի ընտանիքում մեծացել է 4 զավակ՝ 2 տղա, 2 աղջիկ, որոնք բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստացել. 2-ը՝ ինժեներ, 1-ը՝ բժիշկ, 1-ը՝ ֆրանսերենի մասնագետ: Գեւորգյանը շատ է սիրում 5 թոռնիկներին եւ մեկ ծոռանը:
Լինելով բարի, աշխատասեր եւ կենսուրախ մարդ, նա եղել է ամենուր ցանկալի հյուր եւ իր կոլեկտիվի սիրելին: Երբեք չի ձգտել պաշտոնի, փառքի կամ հարստության, կյանքի ցանկացած դժվարությունների վրայով անցել է հումորով: Ա. Գեւորգյանի կյանքի մշտական ուղեկիցը եւ լավագույն ընկերը եղել են գրականությունը եւ արվեստը՝ հատկապես գեղանկարչությունը: Ողջ կյանքում նա օրագիր է պահել, հետո սկսել է գրել հուշեր իր հանդիպումներից, ամենից շատ սիրում է գրել բանաստեղծություններ՝ խոհափիլիսոփայական թեմաներով, որոնք նա անվանում է քաղաքական պոեզիա: Ունի շատ հարուստ անձնական գրադարան: Պատրաստ է ժամերով արտասանել սիրած պոետների ստեղծագործություններից: Ունի հրաշալի հիշողություն: Տասնյակ թղթապանակներից (համարակալված, էջակալված) կարող է անմիջապես հանել անհրաժեշտ թուղթը: Իսկ նրա նկարների ալբոմներն արդեն չեն տեղավորվում գրապահարանում: Ծաղիկների նկարներով ալբոմը անգերազանցելի է, եւ շատերը չեն հավատում, որ ինքն է դրանց հեղինակը: 3 գեղանկար նրա աշխատանքներից իրենց տեղն են գտել Ժողստեղծագործության թանգարանում: Հիմա ավելի շատ դիմանկարներ է կերտում՝ լինեն դրանք հայտնի, թե անհայտ մարդիկ: Պատերազմի վետերանը իր կյանքում երբեք չի ծխել, չի խմել, խուսափել է դեղերից, սիրել է ֆիզիկական աշխատանքը, ժամերով կարող է աշխատել որդու հողամասում, խնամել ծառ ու ծաղիկ: Նրա սննդակարգը համեստ է, մսամթերքներից խուսափում է, շատ է սիրում բանջարեղեն, մրգեր, ոտքով միշտ քայլում է եւ կատարում է ֆիզիկական վարժություններ:
Իր երկարակեցության գաղտնիքը նա պայմանավորում է կենսասիրությամբ եւ ժառանգականությամբ՝ մայրը ապրել է 99 տարի, քույրը՝ 92: Մի բանի համար վետերանը շատ է ափսոսում, որ ժամանակից շուտ կորցրել է իր սիրելի կնոջը, ավագ որդուն, բարեկամներից եւ ընկերներից շատերին եւ հիմա իր մտերիմների հետ շփումների մեծ պահանջ ունի, որը, ցավոք, չի կարող իրականացնել: Նրան ուրախություն է պատճառել 65-ամյակի առիթով վետերանների ավանդները վերադարձնելու կառավարության որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել