Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զուգահեռ՝ Արցախից Ջավախք

Մայիս 08,2010 00:00

Մայիսի 7-ին Երիտասարդական միջոցառումների Լոռու մարզի կենտրոնում կազմակերպվել էր «Զուգահեռներ Արցախի եւ Ջավախքի հիմնախնդիրների միջեւ» թեմայով քննարկում:
«Արցախի ու Ջավախքի հիմնախնդիրների միջեւ զուգահեռներ անցկացնելը պատմական արդարությունը վերականգնելու տեսակետից՝ տեղին քայլ է, որ այժմ իրականացվում է մեր իշխանությունների ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից, որովհետեւ մեր պատմական ճակատագրի բերումով մենք մեզ սահմանակից բոլոր հարեւանների հետ այս կամ այն պատճառով ունենք տարածքային խնդիրներ, եւ քանի որ պատմական արդարությունը վերականգնելու գործը փաստորեն սկսվել է Արցախի ազատագրումով, ուրեմն, բնականաբար, որպես շղթայական ռեակցիա, իրենց բնույթին համապատասխան, պետք է սկսվեին նաեւ մյուս գործընթացները»,- ասաց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի դասախոս, ազատամարտիկ Գեւորգ Չատինյանը: Հարցին, թե Արցախի հիմնախնդիրը չլուծած՝ արժե՞ բարձրացնել Ջավախքի հարցը, Գեւորգ Չատինյանն արձագանքեց. «Բոլորովին չի կարելի մի հիմնահարցը անպայման բացատրել մյուսով, կամ էլ փորձել նմանատիպ հարցերը լուծել այլ հարցերի օրինակով: Յուրաքանչյուր նման հարց՝ նախ յուրօրինակ լուծում է պահանջում»:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով էլ, երկու հիմնահարցերի միջեւ զուգահեռը տեղին է. «Նախ երկուսն էլ պատմական Հայաստանի տարածք են, մեկը 88-ին իր ազատությունը գտավ, մյուսը դեռ շարունակում է մնալ օտար երկրի կազմում: Երկուսն էլ 1921-ին նվիրվեցին օտարին: Եթե Ջավախքը Նախիջեւան դարձվի, ապա մենք ոտքի կկանգնենք ու կպայքարենք: Որ օրը վերջին հայը դուրս գա Ջավախքից՝ Վրաստանը սահմանը կփակի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել