Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

88-ԱՄՅԱ ՎԵՏԵՐԱՆԻՆ ԽԱԲԵ՞Լ ԵՆ

Մայիս 08,2010 00:00

Պատերազմում հաշմանդամ դարձած եւ վնասված ոտքով այգի հիմնած Սմբատ Աբրահամյանը մեկ բան է ուզում՝ արդարություն:

\"\"

Հայրենական մեծ պատերազմի վետերան է կապանցի 88-ամյա Սմբատ Աբրահամյանը: 1942-ի վերջերն էր, ինքն էլ 20 տարեկան էր, երբ Վրաստանի Գորի քաղաքում զինվորական նախնական պատրաստվածություն անցնելուց հետո մեկնեց ռազմաճակատ: 1943 թվականին Կրիմսկ քաղաքում արդեն մասնակցում էր թեժ մարտերին: Պատերազմի սարսափի միջով անցած Սմբատ պապի պատմություններին ու հուշերին լավ ծանոթ են թոռներն ու ծոռները: 16 թոռ ու 10 ծոռ ունի Սմբատ պապը ու սիրում է հատկապես մայիսի 9-ին նրանց հետ նստել եւ պատմել իրեն բաժին հասած ծանր տարիների ամբողջ ժամանակագրությունը: Գնդացրորդ էր եղել, իր պատմելով՝ ամենադժվար ու պատասխանատու գործն է ստանձնել եւ անձնվիրաբար կատարել: Սակայն Սմբատ պապը հաղթանակի բերկրանքը ռազմաճակատում չի վայելել: Կռվի դաշտում 1943 թվականի վերջերին ոտքից ծանր վիրավորվել է, նույնիսկ հրամանատարն ու զինակիցները նրա կենդանի մնալը քիչ հավանական են համարել:
Բայց նախկին գնդացրորդի կյանքը Աստծո կամոք փրկվեց: Վիրավոր զինվորին Կրասնոդարում, այնուհետեւ Մախաչկալայում բուժելուց հետո տեղափոխեցին Երեւան՝ բուժումը շարունակելու: Սմբատ Աբրահամյանը ցանկանում էր կրկին վերադառնալ ռազմաճակատ, բայց բժիշկները արգելում էին՝ ոտքի վնասվածքը շատ խորն էր: Նա երկրորդ կարգի հաշմանդամ դարձավ եւ հաղթանակի լուրը լսեց Հայաստանում: Շատ ուրախացավ եւ այժմ բառերով նկարագրել բերկրանքի այդ պահերը՝ դժվարանում է: Պատերազմի ավարտից 65 տարի անց էլ իր հիշողություններում շարունակում է պահպանել չարագույժ օրերի տեսարանները:
1948 թվականից մինչեւ թոշակի անցնելը, մոտ 50 տարի, աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատում, այդ տարիներին էլ ընտանիք կազմել, 5 երեխա է ունեցել: Բազմանդամ ընտանիքի ապրուստը հոգալու հարցում շատ մեծ էր պատերազմի վետերանի ձեռամբ հիմնադրված ու մշակված այգու դերը: Այգում աշխատել շատ էր սիրում, առանց հող մշակելու, առանց պտղատու ծառեր տնկելու՝ իր կյանքը չի էլ պատկերացնում: 45 տարի շարունակ՝ 1962 թվականից, Կապան-Քաջարան մայրուղու հարեւանությամբ, Ձորք թաղամասի մերձակա հողատարածքներում հաշմանդամ ոտքով այգի է գցել, քարից հող սարքել, պտղատու ծառեր տնկել, խնամքով մշակել եւ իր տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր նախկին քարքարոտ, անմշակ ու ամայի տարածքում խաղողի այգի ու պտղատու ծառեր են: Այգուց ստացված բերք ու բարիքով Սմբատ պապը սոցիալական ծանր տարիներին ոչ միայն իր ընտանիքն է կերակրել, այլեւ ծանոթ- անծանոթի բաժին հանել: Այսօրվա պես էլ հիշում է, թե ինչպես է տասնյակ տարիներ առաջ երեխաների հետ տարածքը մաքրել քարերից, ջրատար ու բանջարանոց սարքել: Օրվա մեծ մասն այգում էր աշխատում, կապված էր այգու հետ: Սակայն պատերազմի վետերանն այսօր մնացել է առանց իր սիրելի այգու, այգու տնակի ու այնքան խնամքով աճեցրած ծառերի: Պատերազմի վետերանի քրտինքով ստեղծած այգին խլել են ձեռքից, առանց նրան զգուշացնելու ու տեղյակ պահելու՝ Կապանի նախկին քաղաքապետի օրոք վաճառել են այգին, եւ այսօր Սմբատ պապի չարչարանքով ստեղծվածը այլ սեփականատեր ունի: «Մինչ այդ «սեփականաշնորհումը», մի քանի անգամ գնացել եմ քաղաքապետարան՝ այգիս սեփականաշնորհելու խնդրանքով, սակայն ինձ բազմաթիվ պատճառաբանություններ բերելով համոզում էին, որ տարածքը սեփականաշնորհման ենթակա չէ, քանի որ գետի հուն է, վստահեցնում էին, որ այգին կարող եմ մշակել ինչքան ուզում եմ, ոչ ոք ինձ չի արգելի: Այնինչ, 2007 թվականին իմ տարածքն ուրիշի ձեռքն ընկավ: Պարզվում է, որ իմ այգին աճուրդով սեփականաշնորհել են, սակայն ինձ աճուրդի մասին տեղյակ չեն պահել, այն դեպքում, երբ տարածքում գտնվող բոլոր հողօգտագործողներին նախապես կանչել եւ համաձայնեցրել էին՝ իրենց հողատարածքների հետագա ճակատագրերի հարցը: Իմ այգուն էսօր տեր են դարձել 2 անձինք, բայց իմ՝ պատերազմի վետերանիս կարծիքը հաշվի չի առնվել, այնինչ քաղաքապետարանում տեղյակ էին, ես բազմիցս էի իրենց դիմել այգին օրինականացնելու համար»,- վրդովված պատմում է կապանցի վետերանը:
Սմբատ պապը դիմել է դատարան եւ նշել, որ խախտվել է ՀՀ «Հողային օրենսգրքով» սահմանված՝ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իր իրավունքը, քաղաքապետարանն անտեսել է իր իրավունքը եւ հողատարածքը օտարել էր աճուրդով: «Օրենքի դաշտում էլ օրինականություն չկա: Ամբողջ այս կեղտոտ գործողությունները հաշվարկված էր: Նրանց հաշվարկի մեջ մտնում էր այն, որ իմ մահով կփակվի ոչ միայն այս անբարոյական գործարքը, եւ այգուն տիրացողները կազատվեն այնտեղ տնկված 50-ից ավելի պտղատու ծառերի եւ կառուցված տնակի դիմաց փոխհատուցում տալուց»,-նշում է Սմբատ պապը:
Երեք տարի պայքարում է հանուն արդարության եւ ասում, որ ինքը չի ուզում այս կյանքից խռոված հեռանալ, անպայման ուզում է արդարությունը վերականգնել ու հանգիստ խղճով շարունակել իր կյանքի մնացած տարիները. «Հաշմանդամ վիճակով էնքան տարիներ քարից այգի եմ սարքել, որ էսօրվա դրությամբ իմ երեխեքի փոխարեն ուրիշները տիրանա՞ն: Զավակներիս հետ եմ այգի գցել, իրենք ինձ հավասար էդ հողերը մշակել են: Իսկ էսօր ով կարողանում է՝ ուրիշների չարչարանքը յուրացնում է: Մի՞թե դա արդարություն է: Ասում են վետերաններին մեծարում են, չգիտեմ ինչ միջոցառումներ են կազմակերպում, էսօր ինձ եթե չնեղացնեն, չվիրավորեն անազնիվ վարվելով, ես ինձ մեծարված կզգամ, բայց էսօրվա դրությամբ իմ աչքի առաջ իմ ամբողջ չարչարանքը ջուրն է ընկնում ու ոչ մեկին դա չի հուզում»:
Սմբատ պապը չի հաշտվում այն մտքի հետ, որ իր այգուն այսօր ուրիշներն են տիրացել: Դիմել է Սյունիքի մարզպետին եւ Կապանի քաղաքապետին, այսօր սպասում է պատասխանի՝ հույսը չկտրելով, որ հաղթանակի 65-ամյակին գոնե այգու, տնակի ու ծառերի դիմաց փոխհատուցում կտրամադրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել