Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տոնից տոն են հիշում

Մայիս 08,2010 00:00

Չնայած վետերաններից ու ազատամարտիկներից շատերը հաշմանդամ են, սակայն հայրենի կառավարությունը նրանց համար արտոնություններ չի սահմանում:

Երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Երկրապահի եւ Հայրենական մեծ պատերազմի վետերանների տոնը: Քանի որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բուժման նպատակով դարձյալ մեկնել է Եվրոպա, նրանց մեծարեց կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը՝ 10-20 հազարական դրամ նվիրելով ու երթուղային տաքսիներից անվճար օգտվելու քարտերի ժամկետը երկարացնելով: Չնայած ամեն ինչ արված էր նախատեսված 1,5 ժամը լավ զգալու համար, նույնիսկ նրանց պատվին տոնական համերգ ու ճաշկերույթ էր կազմակերպված, այդուհանդերձ, թե՛ Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկները եւ թե՛ Հայրենական պատերազմի վետերանները վիրավորվում էին, որ իրենց հիշում են միայն տոնից տոն:
Մեզ հետ զրույցում՝ Ֆիզուլիում 2 ոտքը կորցրած ազատամարտիկ Հովհաննես Սեդոյանը դժգոհեց, որ կառավարությունն իրենց ամենեւին ուշադրություն չի դարձնում, կոմունալ ծախսերի ու տրանսպորտի համար ոչ մի արտոնություններ չի սահմանում, նախկինում գործող 50% զեղչերը այլեւս չեն կիրառվում: «Ընդհանուր առմամբ, էս փոքր միջոցառումներով չէ, որ ազատամարտիկների սոցիալական վիճակը պետք է բարելավեն, մեզ պետք է ընդհանուր կառավարական մոտեցում, արտոնությունները թող վերականգնեն, որպեսզի ազատամարտիկները մի քիչ իրենց լավ զգան: Ճիշտ է, բոլորն ասում են, թե պատերազմը հաղթեցինք, բայց հաղթանակը ասողինը չէ, անողինն է, անողն էլ անտեսված է»,- նեղսրտեց Հովհաննես Սեդոյանը:
Մեր զրուցակցին նաեւ զարմացնում է այն փաստը, որ ճշմարտությունը բարձրաձայնելու դեպքում «ավելորդ» մակդիրներ են կպցնում՝ անվանելով ընդդիմադիր: «Աստված ոչ անի, էդքան բանը չեն պատկերացնում, որ պատերազմ էղավ՝ էլի կռվողը մենք ենք, եթե մի բան լինի, հարուստները կթողնեն-կգնան, էլի մեր վզին կմնա: Ղեկավարությունը մի հատ ծրագիր պետք է անի, որպեսզի լույսը, գազը, ջուրը գոնե մեզ զեղչ գներով մատակարարվի, մենք այլեւս հնարավորություն չունենք էդքան գումար վճարելու: Ես որտե՞ղ աշխատեմ, որ ընտանիքս պահեմ: Ես առաջվա պես չեմ խնդրում, որ մեզ օգնեն, այլ պարտադրում եմ, պահանջում: Գոնե էնպիսի պայմաններ ստեղծեն, որ մեր էրեխեքին կարողանանք առողջ մեծացնել, մեծահարուստներն իրենց ունեցվածքը պահելու համար գոնե պիտի շանս տան մեզ առողջ սերունդ մեծացնելու, առողջ էրեխեք բանակ ուղարկելու, սոված մարդը ո՞ւմ է պետք: Վաղը մյուս օր, ես լավ գիտեմ, հարուստի էրեխեն չի կռվի հայրենիքի համար, էլի մերպեսների էրեխեքն են կռվելու»,- ասաց ազատամարտիկը: Կառավարության վերաբերմունքից դժգոհ էին նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները: Նրանցից մեկը՝ Գեւորգ Պողոսյանը, նույնիսկ հայտարարեց, որ «Լեննականի» քաղաքապետից բացի, վետերանների համար մնացած բոլոր ղեկավարները «զրոյի» են հավասար, քանի որ իրենց վերաբերմունքով ծաղրում են իրենց: «Դա թոշակ չէ, որ տալիս են, Հայրենական մեծ պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ եմ, 42000 դրամ՝ թոշակն է, 26 800-ը՝ պատվովճարը, որը լույսի, գազի, ջրի, էդ բոլոր ծախսերի համար չի հերիքում, երբ հիվանդանոց ես մտնում՝ 30000 դրամից պակաս դեղ չեն գրում, ամոթ է, մենակ գլուխներն են գովում»,- վրդովվեց մեր զրուցակիցը:
86-ամյա Վիկտոր Խաչատրյանն էլ հավելեց, որ մեր երկրում վետերանների նկատմամբ «հարգանքն» այն աստիճանի է հասել, որ իրենց ժամկետանց, «դուրսգրված» դեղեր են հրամցնում: «Գոնե դեղորայքի գները մեզ համար մի քիչ զեղչեն՝ չմեռնենք, վետերաններից ընդամենը մի քանի հոգի են մնացել, 2600 հոգուց մնացել են 176-ը, որի կեսը անկողնուն են գամված, կառավարությունը թող հանգիստ նախկին զեղչային համակարգը վերականգնի, դա իրենց վրա շատ թանկ չի նստի, մինչեւ մյուս տարի էսքանս էլ չենք լինի»,- ասաց վետերանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել