Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ

Մայիս 08,2010 00:00

Բայց թե երբ եւ ինչպես՝ դեռ չեն որոշել

Վերջապես մեր պետական այրերը որոշեցին լրջորեն ուշադրություն դարձնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին: Այս հարցն արդեն այնքան լուրջ սպառնալիք է իրենից ներկայացնում մեր շրջակա միջավայրի համար, որ ՀՀ նախագահն է խառնվել՝ հսկողության տակ վերցնելով գերեզմանոցի չեզոքացման գործընթացը: Չնայած բնապահպաններն արդեն քանի տարի է՝ ահազանգում են, որ գերեզմանոցը վտանգավոր է. բացի այն, որ սողանքային գոտում է, գերեզմանոցը նաեւ չի համապատասխանում այն չափանիշներին, ըստ որոնց պետք է պահպանվեն թունավոր նյութերը: Վերջերս էլ ինչ-որ մեկը գերեզմանոցի վրայից ծանր տեխնիկայով մոտ 2 մետր հողաշերտ է հեռացրել, ինչի հետեւանքով թունաքիմիկատները դուրս են եկել մակերեւույթ: Խնդիրն այնքան լուրջ է, որ անգամ միջազգային կառույցներն են այս գործում ներգրավվել:
Երեկ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ մի շարք նախարարությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկում էր կազմակերպել: Ներկա էր նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: «Առավոտի» հետ զրույցում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի նախագահ Ելենա Մանվելյանը վստահեցրեց, որ իրենք գերեզմանոցի հարակից տարածքի ջուրն ու հողն ուսումնասիրել են դեռեւս գերեզմանոցի փակ ժամանակ. «Եվ եթե այն ժամանակ պարզել ենք, որ գերեզմանոցի շուրջը կոնցենտրատները 100-1000 անգամ գերազանցում են թույլատրելի սահմանը, ապա այսօր այն ավելի վտանգավոր է: Այսօր լրիվ բաց վիճակում են սնդիկը, ԴԴՏ-ն, մկնդեղը եւ այլ թույներ: Երբ մենք տեղում աշխատում էինք, շնչելն անհնար էր»: Այս ամենից զատ, գերեզմանոցը վտանգավոր է ոչ միայն հարակից գյուղերի բնակիչների համար, այլ նաեւ մայրաքաղաքի, քանի որ շրջակայքում անասուններ են արածում, գյուղմթերքներ են աճեցնում, որոնք ոռոգվում են թույներով աղտոտված ջրով, իսկ հետագայում այդ սննդամթերքը վաճառվում է շուկաներում:
Քննարկմանը ներկա առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանն էլ հաստատեց, որ ոռոգման ջրի մեջ որոշակի չափով թույներ կան, սակայն բնակչության շրջանում որեւէ հիվանդություն չի հայտնաբերվել, ավելի ճիշտ՝ դժգոհությունով որեւէ բնակիչ չի դիմել իրենց. «Քլորօրգանական միացությունները փոշիացած ձեւով խառնվում են օդին, մարդիկ շնչելով կամ էլ գյուղմթերքի միջոցով են վարակվում: Եթե մթերքը վարակված է, հասկանալի է, որ մարդն էլ կարող է վարակվել: Բայց թունավորվածությունն այնպիսին չէ, որ մարդն ուտի ու անմիջապես կվարակվի, դա հետագայում է արտահայտվում»:
Ելենա Մանվելյանը մեկ այլ հետաքրքիր փաստ էլ ներկայացրեց: Չնայած դեռեւս 1970-ականներից ԴԴՏ-ի օգտագործումն արգելված է, հ/կ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր էլ գյուղատնտեսության մեջ օգտագործվում է այդ թունաքիմիկատը: Այդուհանդերձ, քննարկմանը ներկա հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը վստահեցրեց, որ գերեզմանոցին ամենամոտ գյուղում՝ Մուշավանում բնակիչների շրջանում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել. ընդամենը՝ թոքաբորբ եւ սուր շնչառական վիրուսային հիվանդություններ են եղել:
Քննարկման ընթացքում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները խնդրին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Փոխարենը խիստ մտահոգված էր ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը. «Սա մարդկանց կյանքին եւ առողջությանն ուղիղ վտանգ է: Նուբարաշենը գրեթե Երեւան է, եւ չի կարելի թերագնահատել իրավիճակը»: Ըստ Ս. Կապինոսի, երբ Հոլանդիայից լավագույն փորձագետ էին հրավիրել գերեզմանոցը գնահատելու համար, վերջինս ուղղակիորեն սարսափել էր ներկայիս իրավիճակից. «Մենք պատրաստ ենք օգնել, բայց դրա համար անհրաժեշտ է կոնկրետ գնահատական տալ վտանգին եւ դրա հավանական զարգացումներին: Պետք է համապատասխան քայլեր անել, ճշգրիտ ծրագիր կազմել՝ թե որ գերատեսչությունն ինչ է անելու: Բայց նախ պետք է վտանգը լոկալացնել»:
Թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով է թունաքիմիկատների գերեզմանոցը «փորփրել»՝ առայժմ պարզ չէ: Պետական պաշտոնյաներն այդպես էլ վերջնական հայտարարի չեկան, քանի որ կառավարությունն օրերս է որոշել գումար հատկացնել: Իսկ ՊՆ ներկայացուցիչն էլ հայտարարեց՝ պետք էր նախապես ծրագիրը կազմել, հետո, երբ գումարը կլիներ, անմիջապես գործի անցնել: Ե. Մանվելյանն էլ ասաց. «Վերջին իրադարձությունը հաստատեց, որ մենք պատրաստ չենք միանգամից պատասխանել նման արտակարգ իրավիճակին: Երբ հրդեհ է բռնկվում, պետք է ոչ թե ծրագիր կազմել, թե ինչպես հրդեհը հանգցնել, այլ պետք է անմիջապես կրակը մարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել