Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԲՈՐՍԱՆԵՐ ԵՆ

Մայիս 08,2010 00:00

Կուսակցությունների ներկայացուցիչները չեն ընդունում Մանվել Բադալյանի մեղադրանքը

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում, որը անվանված է «Պետությունը եւ կուսակցությունները», հստակ նշված է. «Կուսակցության անդամները, որոնք ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի»: Նաեւ նշված է, թե ովքեր չեն կարող լինել կուսակցականներ՝ դատավորները, դատախազները, անվտանգության, ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների աշխատակիցները, զինված ուժերի եւ այլ զորքերի ծառայողները: Օրենքի այս կետերը, կարծում ենք, գիտեն բոլոր կուսակցականները, սակայն դա չի խանգարում նրանց դառնալ կուսակցական: Հիմնականում կուսակցական են դառնում ոչ այն պատճառով, որ տոգորված են տվյալ կուսակցության գաղափարախոսությամբ, որ չեն քնում, չեն ուտում եւ օր ու գիշեր մտածում են այդ կուսակցության նպատակները կյանքի կոչելու մասին, այլ զուտ նեղ անձնական նկատառումներից ելնելով. կուսակցական են դառնում՝ խցկվելու համար պետական կառույցներ, ծառայողական մեքենա, քարտուղարուհի եւ այլ հաճույքներ ստանալու համար: Կառավարության նիստի ժամանակ Քաղծառայության պետի հայտարարությունը այն մասին, որ կուսակցությունները դարձել են աշխատանքի տեղավորման բորսաներ, ոչ մեկի համար նորություն չէր, հատկապես չորրորդ իշխանության համար, քանի որ լրատվամիջոցները անվերջ գրում են այդ մասին: Սակայն այս հայտարարությունից հետո բազմաթիվ հարցեր առաջացան՝ ինչո՞ւ հենց հիմա է արվում այդ հայտարարությունը եւ կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում: Ի դեպ, Ռումինիայում իմ աշխատանքային գործուղման ժամանակ այդ երկրի պաշտոնյաները շարունակ մի դեպքի մասին էին պատմում եւ այն ներկայացնում էին որպես շահերի բախման տիպիկ օրինակ: Ժամանակին այդ երկրի գյուղատնտեսության նախարարը խնդրել էր առողջապահության նախարարին, որպեսզի իր որդուն առողջապահական ինչ-որ հիմնարկում աշխատանքի ընդունի: Սա առիթ էր դարձել, որպեսզի գյուղատնտեսության նախարարը աշխատանքից հեռացվի: Ռումինիան գտնվում է Եվրամիության մոնիտորինգի տակ, քանի որ արմատապես փոխվելու պայմանով է դարձել ԵՄ անդամ: Մեզանում ամեն ինչ այլ է:
Քաղծառայության պետ Մանվել Բադալյանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունները դարձել են աշխատանքի տեղավորման բորսաներ, «Առավոտի» խնդրանքով մեկնաբանեցին քաղաքական գործիչները: Ազգային ժողովի տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը երեկ պնդեց, որ ԲՀԿ-ն երբեք չի բարեխոսում իր կուսակիցներին աշխատանքի ընդունելու հարցով: Մեր հարցին՝ Քաղծառայության պետի հայտարարություններն այն մասին, որ կուսակցությունները աշխատանքի տեղավորման բորսաների են վերածվել, արդյոք ձեւական բնույթի հայտարարությո՞ւն չէ, թե՞ իր մեջ խորքային հեռանկար է պարունակում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, թե ձեւական ոչինչ չկա այդ հայտարարության մեջ. «Ես մտածում եմ, որ իրական ցանկություն է, եւ ինչպես դուք եք մատնանշում, այո, մեր կառավարման համակարգը շատ զգույշ ձեւով, ի դեմս Քաղծառայության խորհրդի նախագահի, բարձրացրել է այդ հարցը, որ՝ հերիք է: Թեկուզ փոքր, բայց լավ բան է, չէ՞, որ վաղն արժանի մարդը հանգրվանի կառավարման ղեկին մոտիկ, ոչ թե ժամանակ կորցնող մարդը: Ի՞նչ վատ բան է»: Ռումինիայի դեպքի մասին մեր հիշատակությանն անդրադառնալով՝ պարոն Բոստանջյանն ասաց, որ նա դեպքը մեր իրավիճակի համար այս պահին ռեալ չի համարում. «Բայց հետագայում գուցե ռեալ դառնա: Մենք պետք է հաշվի առնենք, որ մի երկիր ենք, որը որոշակի առումով կարող է Եվրոպա որակվել, կարող է եւ Արեւելք էլ որակվել: Մենք այդպիսին ենք, ուզում ենք, թե չենք ուզում, եւ այս պարագայում մենք դեռեւս այդ մեծ ինստիտուտների ջատագովը չենք: Գուցե 50 տարի հետո դա տեղի ունենա, 20 տարի հետո տեղի ունենա»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ամեն ինչ պետք է լինի կուսակցությունների մասին օրենքով, եւ ամեն ինչ պետք է լինի օրենսդրությանը համապատասխան: Եթե որեւէ խախտում կա, ապա այդ երեւույթները անպայման դատապարտելի են, եթե ամեն ինչ օրենքի շրջանակներում է, ես դրա կողմնակիցն եմ: Մի բան պարզ է՝ Հայաստանում, ինչպես այլ համակարգեր, քաղաքականը եւս ամբողջովին կայացած չէ, որովհետեւ ժողովրդավարությունը ինքը զարգացող պրոցես է, եւ դժվար է այս կարճ ժամանակահատվածում ունենալ ամբողջովին կայացած կուսակցություններ։ Մյուս կողմից՝ դա ոչ միայն մեր երկրին է հատուկ, այլեւ հետխորհրդային բոլոր երկրներին, նաեւ եվրոպական որոշ երկրների: Կարծում եմ՝ սա փուլ է, որը պետք է անցնենք: Եթե մի քիչ ավելի հեռուն նայենք, ապա Հայաստանում պետք է մնան ընդամենը մի քանի կուսակցություններ: Մեծ Բրիտանիայում էլ ընտրություն եղավ, այնտեղ եւս կան բազմաթիվ կուսակցություններ, բայց մենք տեսանք, որ ընտրական պայքարը գնաց ընդամենը մեկ-երկու կուսակցության միջեւ, նույնը՝ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում: Կարծում եմ՝ Հայաստանը եւս աստիճանաբար պետք է գնա կուսակցությունների մեծացման ճանապարհով, եւ դաշտում կմնա մի քանի քաղաքական ուժ: Կոնկրետ Հանրապետականը խանդի խնդիր չունի, ազգային-պահպանողական բեւեռը Հայաստանում ձեւավորված է՝ ի դեմս ՀՀԿ-ի, ինչպես ԱՄՆ-ում՝ ի դեմս Հանրապետականների, Մեծ Բրիտանիայում՝ ի դեմս պահպանողականների եւ ՌԴ-ում՝ ի դեմս «Յեդինայա Ռոսիայի»: Մանվել Բադալյանի հայտարարության այն մասին, որ կուսակցությունները վերածվել են աշխատանքային բորսայի եւ կուսակցականներին աշխատանքի են տեղավորում՝ ելնելով կուսակցական պատկանելությունից, երեկ մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Ըստ նրա. «Նման գործելակերպը ՕԵԿ-ի համար երբեք առաջնային չի համարվել, քանի որ մենք միշտ կարեւորել ենք յուրաքանչյուր համակարգի՝ պրոֆեսիոնալ կադրերով համալրված լինելու հանգամանքը: Սակայն մարդիկ միաժամանակ կարող են աշխատել տարբեր գերատեսչություններում եւ ունենալ կուսակցական պատկանելություն, ինչը չի արգելվում օրենքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել