Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ-Ը ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՎԱՀԱՆ

Մայիս 08,2010 00:00

Այն փաստը, որ ՄԻԱԿ-ի քարտուղար Վահան Բաբայանը լքել է կուսակցության շարքերը՝ ՄԻԱԿ արտաքին կապերի վարչության քարտուղար Նաիրա Կարապետյանը «7օր»-ին երեկ այսպես է բացատրել. «Կուսակցության աշխատանքի հետ կապված գաղափարական մոտեցումներին Վահան Բաբայանն անհամաձայնություն արտահայտելով՝ որոշեց լքել շարքերը»:
2009-ից Վահան Բաբայանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական կուսակցությունը միավորման գործընթացում էր ՄԻԱԿ-ի հետ: Եվ երեկ «Սլաք» ակումբում հրավիրված ասուլիսում նա հայտարարեց, թե մայիսի 6-ին կայացած կուսակցության ընդհանուր ժողովի որոշմամբ՝ ՀԵԿ-ը կրկին գործելու է որպես առանձին միավոր եւ դուրս է գալիս ՄԻԱԿ-ի կազմից: «Դա պայմանավորված չէ պառակտման կամ այլ խնդիրներով, դա ընդհանուր կայացրած որոշում է: Իհարկե, միասնական աշխատելն ավելի հեշտ է, բայց սա ուղղակի մարտավարական խնդիր է»,- ասաց Վահան Բաբայանը: Նրա պնդմամբ՝ իրենց կուսակցության շնորհիվ ՄԻԱԿ-ը հզորացել, անդամների թիվն էլ 10 անգամ ավելացել էր: Վահան Բաբայանը նշեց, թե ՄԻԱԿ-ի կազմում եղած ժամանակահատվածում էլ իրենք երկու ճակատով են գործել. «ՄԻԱԿ-ն ազատական ազգային կուսակցություն է, եւ, իհարկե, մեր հիմնական տարաձայնությունը երկու ճակատով գործելու ուղղությամբ այն է, որ ՄԻԱԿ-ի ներկա կազմն ավելի ծայրահեղ լիբերալ է, մենք ավելի ազգային ենք։ Բայց դա չի վկայում այն մասին, որ մենք ՄԻԱԿ-ի հետ տարաձայնություններ ու խնդիրներ ունենք»: Նաեւ հավելեց. «Մենք կրկին գործելու ենք նույն դաշտում»: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը նախկինում էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել