Կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
– ՀՀ նախագահի կողմնակիցները նրա քաղաքականությունը կոչում են «նախաձեռնողական»: Մեկ տարվա կտրվածքով որո՞նք են այդ քաղաքականության արդյունքները:
– Ես համոզված եմ, որ ոչ մի նախաձեռնողական քաղաքականություն չի էլ եղել: Այդ նախաձեռնողականություն եւ ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածն ընդամենը ներհայաստանյան բլեֆ է, որը նույնիսկ Հայաստանում չի աշխատում: Միայն իշխանական գործիչներն են իրենց ակնհայտ ձախողումները կոծկելու նպատակով օգտվում այդ մտացածին բառակապակցություններից: Ս. Սարգսյանը, լեգիտիմության կաթիլ անգամ չունենալով, խնդիր ուներ դրսի ուժերի աջակցությամբ, անգամ հայկական շահը զոհաբերելու գնով, պահել նախագահի աթոռը: Ճիշտ է, արդյունքում Հայաստանն էլ ավելի կորցրեց իր վարկանիշը, չունեցավ ոչ մի ձեռքբերում, Ղարաբաղի հարցում ճնշումները գնալով սաստկանում են, օլիգարխիան ծաղկում է, գները բարձրանում են, մարդիկ հուսահատությունից ու աղքատությունից երկրից հեռանալու ճանապարհներ են փնտրում ու չեն գտնում, բայց Սերժ Սարգսյանը նստած է նախագահի աթոռին: Այս առումով կարելի է ասել, որ նա իր առաջ դրած խնդիրը լուծել է: Լուծել է իր սեփական խնդիրը՝ երկրի հին խնդիրները նորերով բազմապատկելու գնով: Դրանք էլ մենք ու մեր երեխաները պետք է լուծենք, եթե, իհարկե, կարողանանք:
– Իբրեւ իրավապաշտպան՝ ոստիկանական համակարգում տիրող բարքերին ինչպե՞ս եք վերաբերվում: Մի օր հայ հանրությունն, ի վերջո, կսկսի՞ վստահել սեփական ոստիկանին, դատավորին, դատախազին:
– Ցավոք սրտի, Հայաստանի ոստիկանությունը ՀՀ անկախության այս ողջ շրջանում այդպես էլ չդարձավ հայաստանյան ոստիկանություն, այլ շարունակեց մնալ սովետական միլիցիա՝ այստեղից բխող ողջ բացասականով: Այսօր այդ համակարգը ծառայում է ոչ թե պետությանն ու ժողովրդին, այլ գործող իշխանավորին: Ըստ էության այն վերածվել է իշխանավորի ձեռքի կույր մահակի, որը հասարակական կարգի պահպանման եւ հանցավորության դեմ պայքարի իր հիմնական գործառույթներն իրականացնելու փոխարեն զբաղված է քաղաքական հետապնդումների իրականացմամբ: Այստեղից էլ՝ ոստիկանի գլխում ծագած սեփական անպատժելիության գաղափարը: Նա մտածում է՝ եթե ես անվերապահորեն ծառայում եմ իշխանավորին, ուրեմն նա ինձ պարտավոր է պաշտպանել, ես օրենքից դուրս եմ, ու ինձ ամեն ինչ կարելի է: Իսկ սեփական անպատժելիության մտքից մինչեւ մարդասպանություն մեկ քայլ է: Այս առումով մեծ հույսեր չկան, որ մեր քաղաքացին մոտ ապագայում կսկսի վստահել ոստիկանին: Նույնը հավասարապես վերաբերում է դատավորին ու դատախազին: