Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԴ-ԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԿԱՆ

Մայիս 08,2010 00:00

\"\"Մեր քաղբանտարկյալների մեծ մասի գործերը՝ որպես հիմնական գանգատներ, արդեն ՄԻ եվրոպական դատարանում են, եւ դրանց վերաբերյալ ակտիվ գրագրություն է վարվում:

Մայիսի 5-ին Վճռաբեկ դատարանը մերժեց «մարտիմեկյան» իրադարձությունների առնչությամբ ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները՝ Վերաքննիչ դատարանի մարտի 9-ին կայացրած որոշման դեմ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն այդ որոշմամբ անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, բայցեւ կիրառել էր հայտարարված համաներումն ու կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը: Ի պատասխան Փաշինյանի պաշտպանների բերած բողոքի՝ Վճռաբեկ դատարանը համարել էր, որ պաշտպանների պնդումներն անհիմն են եւ չեն բխում գործի նյութերից։
Երեկ, «Առավոտի» հետ զրույցում, «Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության» ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ օրերս Փաշինյանի գործով արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել նախնական գանգատ, որը վերաբերում է Փաշինյանի նկատմամբ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 5, 6, 10, 11 եւ այլ հոդվածների խախտումներին: Այլ կերպ ասած, Փաշինյանի փաստաբանները վիճարկում են նրան կալանքի ենթարկելու օրինականության, արդար դատաքննության, խոսքի, նաեւ հավաքների ազատության իրավունքների, խտրականության բացառման, պետական մարմինների առաջ պաշտպանվածության, օրենքի առաջ հավասարության իրավունքի ոտնահարման արձանագրված փաստերը:
«Նախնական նամակն ուղարկվել է, ու մոտ ժամանակներս, թերեւս, պատասխան կստացվի, որից հետո 2-3 ամսվա ընթացքում ԵԴ կուղարկվի Փաշինյանի գործով արդեն հիմնական գանգատը»,- տեղեկացրեց Ա. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մինչեւ Ն. Փաշինյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկված նախնական նամակը՝ դեռ հունվարին, միջազգային դատական այդ ատյանին էին ուղարկվել նաեւ մյուս քաղբանտարկյալների գործերով արդեն հիմնական գանգատները: Հետաքրքրվեցինք՝ կա՞ն արդյոք տեղեկություններ այդ գործերի վերաբերյալ: «Բավականին ուրախալի մեկ լուր ունենք: Մուշեղ Սաղաթելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքների մասով ԵԴ-ից պատասխան է ստացվել, որով դատարանը մեզնից լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել: Սա ենթադրաբար նշանակում է, որ շուտով այդ գործերն արդեն ԵԴ վարույթ կընդունվեն»,- ասաց մեր զրուցակիցը: Շեշտենք, որ խոսքն առայժմ այս մարդկանց կալանքի ենթարկելու ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին է, թեեւ ԵԴ ուղարկված հիմնական գանգատներում ներկայացված են նաեւ նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք այլ դրույթների խախտման փաստեր:
Լրացուցիչ փաստաթղթեր խնդրելը նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ գործերով ԵԴ-ի համար անհասկանալի հարցեր են մնացել, կամ դրանք բավարար հիմք չեն գործերը ԵԴ վարույթ ընդունելու համար: Ա. Խաչատրյանի ասելով՝ ոչ. «Դա ավելի շատ կարելի է մեկնաբանել այսպես. լրացուցիչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի այդ գործերը ԵԴ վարույթ ընդունվելու դեպքում դատարանը կարողանա հիմնավորված, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն իրականացնել: Եթե նրանք ինչ-որ դրվագի առնչությամբ կասկածներ ունեն կամ ուզում են ավելի համոզվել նշված խախտումների առկայության մեջ, լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, ինչը նորմալ ընթացակարգ է»:
Ընդհանրապես բոլոր քաղբանտարկյալների գործերը ԵԴ են ուղարկվել, թեեւ մաս-մաս, բայց դրանք մեկ փաթեթում ներառված իրավունքի եւ հիմնարար ազատությանը վերաբերող խախտումներին առնչվող գործեր են: Ա. Խաչատրյանի ասելով, դա ամենեւին չի նշանակում, որ ԵԴ-ն հետաքրքրություն է ցուցաբերել միայն կալանքի մասով, որովհետեւ մյուս խախտումները հետո միացվելու են իրար: Ի դեպ, Մյասնիկ Մալխասյանի գործով կալանքին առնչվող միանգամից երկու գանգատ է ԵԴ-ին փոխանցվել, իսկ մայիսի 6-ին դատական այդ ատյանին ուղարկվել է նաեւ նրա գործով հիմնական գանգատը:
Թեեւ վերեւում ասացինք, որ ընդհանուր առմամբ ԵԴ-ին հիմնական գանգատներ ուղարկվել են բոլոր քաղբանտարկյալների գործերով, բայց այստեղ էլ առանձին բացառություններ կան: «Բացառություն են կազմում միայն Գրիգոր Ոսկերչյանի գործը, որն ընթացիկ ամսվա կեսերին արդեն որպես հիմնական գանգատ կուղարկվի ԵԴ, Նիկոլ Փաշինյանի, որ դեռ չի ուղարկվել, եւ եւս 2-3 հոգու գործեր: Փոխարենը ԵԴ-ից արդեն պատասխաններ են ստացվել, որ մյուսների գործերով հիմնական գանգատներն արդեն տեղ են հասել եւ գտնվում են ՄԻԵԴ-ի քարտուղարությունում: Ի դեպ, այդ գանգատները ԵԴ-ին ուղարկվել էին ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ: ՄԻԵԴ-ի համար սա ֆանտաստիկ օպերատիվություն է: Կարծում եմ՝ առաջիկա երկու ամիսներին ԵԴ-ից մենք շա՜տ նորություններ ենք ունենալու»,- հայտարարեց Ա. Խաչատրյանը:
Դեռ 2009թ. նոյեմբեր-դեկտեմբերին ԵԴ-ին ուղարկվել էին նաեւ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների գործի վերաբերյալ հիմնական գանգատներ: Դրանց վերաբերյալ ԵԴ-ից ստացված նոր տեղեկություններ չկան, թեեւ, Ա. Խաչատրյանի ասելով, այստեղ էլ առաջընթաց կա. «Դեռեւս 2010-ի հունվարին ԵԴ-ից նամակ էր ստացվել, որով պահանջվում էր նրանց գանգատները ներկայացնել ամփոփ տեղեկանքի ձեւով: Հավանաբար, հաշվի առնելով, որ անազատության մեջ գտնվող այդ մարդիկ առողջական խնդիրներ ունեն եւ պահվում են դատապարտյալների հիվանդանոցում (այսօր արդեն միայն Ժորա Սափեյանն է անազատության մեջ- Ն. Մ.), ԵԴ-ն, միգուցե, մտադիր է նրանց գործն արագացված կարգով լսել: Ենթադրում եմ, որ հենց այդ պատճառով մեզնից գործի մասին ամփոփ տեղեկանքներ խնդրեցին: Մենք անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկեցինք, որից հետո եւս մեկ պատասխան ստացանք, որով ծանուցվում էր, որ գործը գտնվում է ԵԴ քարտուղարությունում, եւ վարույթ ընդունելու մասին լրացուցիչ կտեղեկացնեն մեզ: Այլ գործերով մեզնից նման տեղեկանքներ չեն խնդրել, թեեւ մյուս գործերի ծավալն ավելի մեծ է եղել, քան Սափեյանների բողոքն էր»:
Այն, որ քաղբանտարկյալների՝ որպես ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների, դատական մարմինների կողմից իրականացված ապօրինությունների, իրավախախտումների գործերը մեր երկրի ներսում քննվելու փոխարեն քննվում են դրսում, եւ դրանց ու ազատությունների ոտնահարման մասին Հայաստանում բարձրաձայնելու փոխարեն խոսում են միջազգային կառույցներում, Ա. Խաչատրյանը ցավոտ խնդիր համարեց: «Քանի դեռ Հայաստանում գոյություն ունի այս ապօրինի իշխանությունը, քանի դեռ մարդուն ապօրինաբար ձերբակալում, սպանում են ոստիկանության բաժիններում, քանի դեռ երկրում գլխավոր դատախազն իր ինտելեկտով այգեպան է, քանի դեռ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հույս ունի դատարանի նախագահ դառնալու, ներսում որեւէ հարց չի լուծվելու: Ներսում բոլոր՝ նաեւ այսօրինակ հարցերը կլուծվեն միայն իշխանափոխությունից, օրինական իշխանության եւ օրինականության հաստատումից հետո: Ցավոք, մենք դիմում ենք եվրոպական արդարադատությանը, որովհետեւ համոզված ենք, որ ներսում դատական ատյաններն ու նմանատիպ պետական ատյանները ընդամենը ներպետական գործընթացը սպառելու համար են: Ուստի, ներսում դատարաններին դիմելով եւ, այսպես ասած, թռչնիկներ դնելով՝ մենք շարժվում ենք առաջ, որպեսզի կարողանանք դիմել դրսի համապատասխան մարմիններին՝ մեր հարցերի պատասխանները ստանալու համար: Տեսեք, օրինակ, նույն «Ա1+»-ի գործը: Նույնիսկ ԵԴ որոշումն այս իշխանությունները չեն ուզում կատարած լինել: Այնպես որ, մեր ճանապարհն այսօր, իրավական հարթության տեսանկյունից, միայն ԵԴ-ին դիմելն է: Միայն այդպես է, որ մենք կարող ենք արդար դատաքննության արդյունքում ընդունված որոշումներ ստանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել