Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ԱԶԱՏՎԻ ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Մայիս 08,2010 00:00

\"\"Պնդում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ զուգահեռ տանելով. «Թուրքիան երբե՛ք չի զիջել իր ազգային շահը:  Եվ սա ամենալավ օրինակն է, որ մենք նույն կերպ վարվենք»:

Երեկ Երեւանում իր աշխատանքները սկսած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի հերթական խորհրդաժողովի հանդիսավոր նիստում զեկույցով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Եվ համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացից հետո մեր պետության համար ավելացել են նոր մարտահրավերներ՝ ի հավելումն Հայաստանի մեկուսացման եւ այլ հին մարտահրավերների. «Այդ գործընթացի բերած ամենագլխավոր մարտահրավերը, հակառակ նրա, որ գործընթացի նպատակն էր ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում՝ դժբախտաբար, այն է, որ այսօր ավելի հաճախ է խոսվում պատերազմի հավանականության մասին: Դա, ըստ իս, տեղի ունեցավ այն պատճառով, որ մենք շատ անհեռատես կերպով ընդլայնեցինք մեր պայքարի ճակատը՝ ունենալով նույն ռեսուրսները: Դա գայթակղություն առաջացրեց մեր հակառակորդների եւ թշնամիների շրջանում, որոնք ավելի կազմակերպված են եւ ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել: Պատահական չէ, որ դրանից հետո ավելի կոշտացան Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող պատերազմի կոչերը: Մյուս կարեւոր խնդիրը՝ մենք պետք է մեկուսացումից դուրս գայինք, բայց ստացվեց հետեւյալը. քանի որ սկսել ենք մի գործընթաց, որը ձեռնտու է բոլոր այդ կողմերին, դրանից ինքնուրույն դուրս գալու հնարավորություն այսօր չեն տա: Եվ սրանով են բացատրվում այն կիսատ քայլերը, որ կատարվում են: Այսինքն՝ սկսել ես, գնա՛ մինչեւ վերջ, սկսել ես՝ սահմանները բացե՜լ, հարաբերությունները կարգավորե՜լ՝ գնա՛ մինչեւ վերջ: Այդ պատճառով դառնում ես պատանդ քո իսկ նախաձեռնության: Մենք նախաձեռնեցինք, բայց դրա տերն այսօր մենք չենք: Սա ամենակարեւոր խնդիրն է, որը մենք պետք է ճիշտ գնահատենք եւ օր առաջ ազատվենք այս պատանդի կարգավիճակից»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նաեւ նշեց, որ հայ իրականության մեջ երկու մեծ խմբեր կան. «Մի մասն ասում է, որ Հայաստանը պետք է զարգանա, բայց՝ չզիջելով ազգային շահերը: Սա շատ դժվար է, բայց դա ճիշտ ճանապարհն է: Մյուս մասն էլ ասում է, որ զարգանալու համար անհրաժեշտ է ինչ-որ հեռանկարային շահեր մի կողմ դնել, անտեսել, որպեսզի մեր զարգացումն ապահովենք: Պատմությունը ցույց է տվել, որ սա կործանարար ընթացք է հայության համար: Դժբախտաբար, հենց այդ պատճառով միշտ հայտնվել ենք լուրջ կորուստների մեջ: Ժամանակին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին, շրջափակումից փրկվելու համար զիջում էինք Արցախը, որովհետեւ «Սերգո՛ ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»: Ասվում էր, որ սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվի, որովհետեւ ԼՂ խնդիրը մեզ կաշկանդում է: Նման մոտեցում կա նաեւ այսօր՝ եկեք մեր պատմական որոշ իրավունքներ մի քիչ հետաձգենք, դրա պաշտպանության հետ կապված հարցերը զիջենք՝ հայ-թուրքական սահմանը բացելու համար: Ազգային ուժերի մոտեցումը, Հայ Դատի մոտեցումը հետեւյալն է. չի՛ կարելի զիջել մեր պատմական իրավունքները, ազգային շահերը եւ փորձել դրա հիման վրա իբր թե նոր հնարավորություններ ձեռք բերել ու զարգանալ: Զարգանալ, որ ի՞նչ անել, եթե արդեն իսկ զիջում ես քո ազգային շահը, կորցնելով ազգային պետության հեռանկարը՝ զարգանում ես հանուն ինչի՞»:
Արմեն Ռուստամյանն անհրաժեշտ համարեց ազատվել այն պատրանքից, թե Թուրքիան փոխվել է եւ «այն նույն պանթուրքիստական շահերը չի հետապնդում, մի կողմ է դրել դրանք: Դա այդպես չէ եւ երբե՛ք էլ այդպես չի եղել: Նշե՛ք որեւէ օր, տարի, երբ Թուրքիան ճնշումների ազդեցության տակ իր հեռանկարային ազգային, պետական շահերից հրաժարվի: Եթե այդպես լիներ, Թուրքիան արդեն վաղուց Կիպրոսից իր զորքերը կհաներ: Ի՛նչ ճնշումներ են բանեցրել, տարբեր միջազգային կազմակերպություններից հեռացրին, անգամ՝ ՆԱՏՕ-ից… Թուրքիան երբե՛ք չի զիջել իր ազգային շահը: Եվ սա ամենալավ օրինակն է, որ մենք նույն կերպ վարվենք»:
Նա կարեւորեց, որ Հայաստանն օր առաջ ձերբազատվի հայ-թուրքական արձանագրություններից՝ ընդգծելով, թե կասեցումը ձերբազատում չէ. «Պատահական չէ, որ այսօր Թուրքիան հայտարարում է, թե՝ ես չեմ թողնի, որ մեռնեն արձանագրությունները, եւ հնարավոր էլ չի հետ պտտել գործընթացը: Այսինքն՝ Թուրքիային ձեռնտու չէ, որ այս արձանագրությունները «մեռնեն», «կիսամեռած» վիճակում էլ արձանագրությունները նրանց օգտակար են, քանի որ գործընթացը չի դադարել, չկան այն արդյունքները, որ մենք էինք ակնկալում: Եվ մենք միշտ ասել ենք, որ նման վիճակը ձեռնտու է միայն Թուրքիային. գործընթաց՝ առանց արդյունքների: Իսկ մենք այսօր այդ գործընթացը չենք դադարեցնում: Նշանակում է, մեզ էլի սպասում են նոր փորձություններ»:
Արմեն Ռուստամյանը թվարկեց նաեւ այլ խնդիրներ, մասնավորապես՝ «Մենք պետք է Հայ Դատի ամբողջական փաթեթն այսօր ամբողջ ուժով արծարծենք: Շատ լավ է, որ ՀՀ նախագահը այցելում է Վուդրո Վիլսոնի գերեզմանին, բայց սա հենց այդ ամբողջական փաթեթի ընդունում եւ իրականացում պետք է նշանակի: Մենք պետք է լավ հասկանանք, որ միայն Ցեղասպանության ճանաչումով չպետք է հարցը սահմանափակվի: Հատուցում, բոլոր իրավունքների վերականգնում՝ սա՛ է ամբողջական փաթեթը»:
Եվ որպես ամփոփում՝ ասաց. «Սա պետք է իրականացնեն մեր իշխանությունները, եւ կրկին հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք ուզում զարգանալ, զարգանալ՝ զիջելով մեր ազգային շահե՞րը, թե՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել