Դարենդե գավառ (Մալաթիա)
Մինչեւ 1914թ. Դարենդե գավառում կային 3 983 հայեր: Դարենդե գավառում բնակվում էր նրանցից 2 023-ը: Այս քաղաքում հայերն ունեին 3 եկեղեցի, Սուրբ Ասվածածին մայրավանքը եւ 3 դպրոց, որտեղ ուսանում էր 300 աշակերտ: Այստեղ էր գտնվում նաեւ միջնադարյան Թավբլուր վանքը: Դարենդեից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա գտնվող Աշոդի գյուղում, 1914 թ. տվյալներով բնակվում էր 1103 հայ: Աշոդիում էր գտնվում նաեւ Սուրբ Հակոբ վանքը:
Այս բնակավայրի մասին կան բազմաթիվ հիշատակումներ: Դարենդ գավառը որոշ ժամանակ դարձել է նաեւ աթոռանիստ: 1062 թ. Կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Թավբլուր, Սեբաստիայի Տարանիա (Դարենդե) գավառ:
Մեծ կոտորածի տարիներին տեղի հայերը ամբողջությամբ սրի քաշվեցին: Սակայն մնացին որոշ քանակությամբ հայեր, որոնք այսօր էլ ապրում են իրենց պատմական հայրենիքում՝ իրենց պապենական հողերի վրա: Անշուշտ, դժվար է նրանց համար հաղթահարել կարոտը, թաքնվել այդ կարոտի տակ ու մնալ հայ: Կան հայեր, որոնք կարողանում են հաղթահարել մի շարք դժվարություններ եւ վերադառնալ իրենց հայությանը:
Ահա նման դեպքի օրինակ: «Ես արդեն չեմ վախենում հայ լինելուց»,- ասում է նախկին անվամբՔազըն Աքսեսը: Նա այն հայերից է, որոնք թաքցրել են իրենց ինքնությունը՝ փրկվելու ու իրենց հայրենի հողում մնալու համար: Իմանալով իր հայ լինելը, նա դիմել է դատարան: Մինչ Մալաթիայում տեղի ունեցած ոճրագործությունը եւ Դինքի սպանությունը, նա չէր նախաձեռնել անվանափոխության հարցը, սակայն, ինչպես հիմա է ասում՝ այլեւս չի վախենալու հայ լինելուց, եւ դիմելով դատարան, որոշել է ընդունել Սարգիս Ներսիսյան անուն-ազգանունը:
1963 թ. Մալաթիայի Դարենդե գավառի Քուրշունլու գյուղում ծնված Աքսեսը հայտնել է, որ ինքը արմատներով հայ է եւ որ Հրանտ Դինքի ու Մալաթիայում տեղի ունեցած սպանություններն իր վրա թողել են շատ դառը ազդեցություն, այդ իսկ պատճառով նա դիմել է դատարան: 9 տարեկանից սկսած Աքսեսը սկսել է վաճառել իր ձայնապնակները, որով եւ հոգացել է իր կարիքները: Աքսեսի ցանկությունն է, որ իր նոր ձայնասկավառակը թողարկվի հայկական անվանմամբ: Աքսեսն իր մասին պատմում է հետեւյալը. «Ես ունեմ որոշ հայ ընկերներ, որոնք թաքցնում են սեփական ինքնությունը: Ես այս դատական գործը սկսեցի՝ նրանց օրինակ ծառայելու նպատակով: Երանի թե չլիներ Դինքի սպանությունը, այն շատ ցավալի իրողություն էր: Մենք բոլորս մարդ ենք, միասին ենք ապրում եւ ապրելու ենք: Թող չլինի ազգային խտրականություն: Մինչ այժմ վախ կար, բայց Հրանտ Դինքից հետո այլեւս չեմ վախենալու: Եթե հայ լինելը մեղք է, թող սպանեն ինձ էլ»: Աքսեսը հայտնելով, որ իր ընտանիքը ժխտում է սեփական արմատները, նշեց նաեւ, որ ինքն այդ խնդրում համամիտ չէ ընտանիքի հետ:
Ես գիտեմ, որ կգա մի օր, որ ոչ մի հայ ստիպված չի լինի թաքցնելու իր ազգային ինքնությունը: Ես գիտեմ, որ կգա այն օրը, որ հայը ազատ կտիրի իր պապենական հողին, իսկ ազատ հայությունը կզարդարի մեր գեղեցիկ պատմական Հայաստանի բոլոր գավառները…