Առաջին թեթեւագույն (մինչեւ 52,2 կգ) քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն՝ վանաձորցի Վիկ Դարչինյանի եւ WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների միջեւ ռեւանշ մրցամարտի անցկացման բանակցությունները մեկուկես ամիս շարունակվելուց հետո մտան փակուղի եւ դադարեցվեցին: Այս մասին տեղեկացնում է fightnews.com կայքէջը:
Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը դրա պատասխանատվությունը դնում է Դոների ճամբարի վրա: «Մենք պայմանագիրը ստորագրել ենք բանակցություններն սկսվելու արդեն երկրորդ օրը,- հայտարարել է նա:- Եվ այս ամբողջ ընթացքում սպասում էինք, որպեսզի Դոները կողմնորոշվի, թե ինքն ի՞նչ է ուզում: Շատ հեշտ է մատնացույց անել նրան, ով չի ցանկացել այդ մենամարտը: Դա նա է, ով չի ստորագրել պայմանագիրը: Դոները շատ էր ձեւեր անում, թե առաջին մենամարտում իր հարվածը պատահականություն չէր: Եվ մենք, կրկնում եմ, պայմանագիրն ստորագրեցինք բանակցությունների երկրորդ օրը: Դրա պատասխանը եղավ այն, որ մենք առանց էական պատճառների նրանց պատասխանին այսքան սպասեցինք: Քրիստիան Միհարեսի, Ջոզեֆ Ագբեկոյի, Խորխե Արսեի, Զեդ Գորեսի եւ Դմիտրի Կիրիլովի հետ վերջին վեց մենամարտերի կազմակերպման համար ընդհանուր առմամբ պահանջվել է երկու շաբաթ: Դարչինյանը երկու քաշային կարգ ցածր բռնցքամարտիկների հետ չի մտնում ռինգ՝ անուն ձեռք բերելու համար: Մենք մենամարտում ենք լավագույնների հետ եւ այդպես էլ շարունակելու ենք: Հենց այսպիսի իրավիճակների պատճառով է, որ MMA-ն արդեն առաջ է անցնում բռնցքամարտից: Խառը մարտերում մարզիկներին պարզապես ստիպում են միմյանց հետ մենամարտել: Իսկ մեր ձեւում դրա մասին ընդամենը կարելի է երազել»:
Իրավիճակը գնահատել է նաեւ Վախթանգ Դարչինյանը: «Ես երկու վարկածներով չեմպիոն եմ եւ պարտավոր չեմ սպասել Դոներին, որը ժամանակավոր չեմպիոն է: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել չորս-հինգ քաշային կարգերում եւ չեմ պատրաստվում ժամանակ վատնել՝ սպասելով, թե «արքայադուստր» Նոնիտոն ի՞նչ կորոշի՝ ցանկանո՞ւմ է այդ մարտը, թե՞ ոչ: Ես նրան նոկաուտի կենթարկեմ: Եվ հավանաբար նա խելացի է վարվում՝ չհանդիպելով այն մրցակցին, ով կքանդի իր կարիերան»,- ասել է Վախթանգ Դարչինյանը: