Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկները վերադարձել են աշխարհի առաջնությունից: Սակայն Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամբողջական տեղեկատվություն գրեթե չկար:
Այս ընթացքում մարզիկները, մարզիչները եւ պատվիրակության մյուս անդամները, հավանաբար, հանգստանում էին, աշխատում հնարավորին չափ արագ մոռանալ այդ օրերը: Երեկ «Առավոտը», այնուամենայնիվ, հանդիպեց աշխարհի առաջնությունում մեր թիմի մենեջեր, հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Մալումյանի հետ:
– Սովորաբար, Հայաստանում անհամբերությամբ սպասում ենք արտերկրից մեդալների հարուստ պաշարով վերադարձող մեր թիմերին ու մարզիկներին: Այս անգամ մեր պատանի բռնցքամարտիկները ձեռնունայն են եկել: Բայց, միեւնույն է, ասում ենք՝ բարի գալուստ:
– Դա, գուցե, նրա համար է, որ ողջ եւ առողջ ենք տուն հասել:
– Ինչպե՞ս Բաքու հասաք, ի՞նչ պայմաններում էիք ապրում: Մի խոսքով, պատմեք այնտեղի մասին:
– Թբիլիսիից մեկնեցինք ինքնաթիռով՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցների ուղեկցությամբ: Բաքվի օդանավակայանից մեզ տարան քաղաքի արվարձաններից մեկում գտնվող մի բազա, որտեղ միայն մենք էինք: Տեղավորեցին հինգ հարկանի շենքի վերին հարկի չորս սենյակներում: Դուրս չէինք գալիս, որովհետեւ պատասխանատվություն էինք զգում տղաների անվտանգության համար եւ նրանց ծնողների առջեւ: Մրցավայր տանում եւ բերում էին միկրոավտոբուսով: Մեզ հետ նստում էին մի քանի աշխատակիցներ: Որքան գիտեմ, մի երկու լրացուցիչ մեքենա էլ զինված մարդկանցով ամբողջ ճանապարհին ուղեկցում էին մեզ:
– Սենյակները հարմարավե՞տ էին, սնունդը նորմա՞լ էր:
– Առաջին երկու օրը մեր վեց բռնցքամարտիկները մնում էին մեկ սենյակում, սնունդն էլ մի փոքր այն չէր: Ռուսաստանի հավաքականի մեր ընկերների հեռախոսով կապվեցինք Հայաստան՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ու ներկայացրինք վիճակը: Պարոն Ծառուկյանն անմիջապես պաշտոնական նամակ ուղարկեց ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որին անմիջապես հաջորդեց ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կունգ Վուի համապատասխան միջամտությունը, եւ խնդիրներն արագ լուծվեցին՝ լրացուցիչ երկու սենյակ: Սնունդն էլ կանոնավորվեց: Եվ, որ շատ կարեւոր էր, լուծվեց նաեւ կապի հարցը, թեեւ այն միակողմանի էր: Հայաստանից մեզ զանգել կարողանում էին, իսկ մենք՝ ոչ:
– Տեղափոխվենք մրցումների անցկացման դահլիճ:
– Մեզ ներս էին մտցնում առանձին մուտքով: Անգամ կշեռքի ժամանակ: Մի քանի անգամ ստացվեց այնպես, որ սպասողները շատ էին: Բայց մենք կշեռքն անցանք արտահերթ: Ընդհանրապես, ամեն բան կազմակերպված էր այնպես, որ ցանկացած տեղաշարժի ժամանակ մեր ամբողջ պատվիրակությունը միասին լիներ: Այդպես ավելի հարմար էր ապահովել մեր անվտանգությունը: Դահլիճում էլ նստում էինք տրիբունաներից բարձր գտնվող մի առանձին օթյակում, որտեղից էլ հետեւում էինք այդ օրը հանդես եկող մեր բռնցքամարտիկի եւ մյուսների ելույթներին:
– Երբ մեր բռնցքամարտիկն էր ռինգ հրավիրվում, տրիբունաներն իրենց ինչպե՞ս էին պահում:
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է պահեին: Ամբողջ դահլիճը սուլում էր, անասելի աղմուկ բարձրացնում, ինչ-որ բաներ վանկարկում: Ես նրանց լեզուն չեմ հասկանում, բայց պարզ է, որ այդ ամենը մեր դեմ էր: Մենք տղաներին ասում էինք, որ ժողովրդի կողմը չնայեն, աշխատեն ոչինչ չլսել, որովհետեւ այդպիսի մթնոլորտում նախամեկնարկային հուզմունքին ավելանալու էր նաեւ հոգեբանական մամլիչի ազդեցության տակ հայտնվելը: Պահեր են եղել, երբ մեր բռնցքամարտիկը՝ ռինգում, ես կողքից գոռալով խոսել եմ նրա հետ, որպեսզի զգա, որ ինքը դահլիճում միայնակ չէ, որ կողքը յուրային կա, որ մեր մարզական ղեկավարությունը, ամբողջ Հայաստանը կանգնած է նրա թիկունքին:
– Եվ դա օգնո՞ւմ էր:
– Անպայման: Մեր ֆեդերացիան Բաքու մեկնելու համար համապատասխան քաշային կարգերում մի քանի հավասարների մեջ ընտրել էր կռվող բռնցքամարտիկներին, որոնք առաջնությունում հանդես եկող մյուսներից ոչ մեկին չէին զիջում: Նախապատրաստությունն էլ անցել էր անթերի: Մեր ֆեդերացիան, Օլիմպիական կոմիտեն, նախարարությունը ոչինչ չէին խնայել հավաքները ամբողջ ծրագրով անցկացնելու համար: Վստահեցնում եմ, որ եթե առաջնությունը ցանկացած այլ երկրում անցկացվեր, մի քանի մեդալ անպայման մերը կլիներ: Տղաների չակերտավոր անհաջողության գործում մեծ դեր կատարեցին դահլիճի ծայրաստիճան լարված մթնոլորտը, տրիբունաների թշնամական տրամադրվածության զգացումը: Մենք հարեւան հանրապետություն մեկնել էինք մարզական միջոցառման մասնակցելու համար: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց որ ժողովրդի կողմից այդքան ատելություն կլինի, չէինք պատկերացնում: Անցած տարի Ադրբեջանի ձյուդոիստները եկան Երեւան: Նրանց տրամադրվել էր քաղաքի կենտրոնի լավագույն հյուրանոցներից մեկը: Անգամ մարզիչներն ու մարզիկները զբոսնելու հնարավորություն ունեին: Ու մեր ժողովուրդը նրանց հանդեպ ատելություն չէր ցուցադրում: Անգամ ՄՀՀ-ում նրանց դրոշները բարձրացան, օրհներգը հնչեց, ու մեր մարզասերները, գուցե՝ որոշ բացառություններով, քաղաքակիրթ ձեւով հարգում էին չեմպիոնին եւ մեդալակիրներին: Հետեւությունս սա է. մեր եւ նրանց մակարդակները տարբեր են:
– Ասացիք, որ մեծ դեր կատարեց հոգեբանական ծայրաստիճան ճնշված վիճակը: Իսկ մրցավարության մասին ասելիք չկա՞:
– Նիկեի սպասավորներն անկողմնակալությամբ աչքի չընկան: Ես, որ այսքան տարի բռնցքամարտի մեջ եմ, չեմ հիշում, որ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի նման բռնցքամարտի գերտերությունները, որոնք, ի դեպ, մասնակցում էին ամբողջական կազմերով, ոսկե մեդալ չնվաճեն: Ավելին ասեմ. վերջինն անգամ Սինգապուրի ուղեգիր չնվաճեց: Ինչ վերաբերում է մեր տղաներին, առնվազն երեք բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը եւ Հրայր Մաթեւոսյանը պարտված մարտերում առավելություն ունեին մրցակիցների նկատմամբ: Բայց «համակարգիչը հաղթանակը գրանցեց հակառակորդների օգտին»:
– Տեղյակ ենք, որ, մասնավորապես, Կորյունի մարտից հետո մեր պատվիրակությունը բողոքարկման հայտ է ներկայացրել, ինչը չի ընդունվել: Հետաքրքիր է, ի՞նչ պատճառաբանությամբ կամ հիմքերով:
– Այո, մենք մեր բոլոր հիմնավորումներով բողոքարկել ենք այդ մենամարտի արդյունքը եւ դրա համար սահմանված կարգով պահանջվող գումարն էլ տվել համապատասխան հանձնաժողով: Սակայն նամակը եւ դրամը վերադարձրին՝ վկայակոչելով կանոնադրության մի կետ, ըստ որի, եթե առաջնության երեք ղեկավարներ գտնում են, որ բողոքը քննարկման ենթակա չէ, կարելի է մերժել:
– Եվ որոշեցիք լքել առաջնությունը: Ինչո՞ւ հետ կանգնեցիք:
– Անկեղծ ասած, սկզբում նման ցանկություն կար: Բայց այդպիսի քայլ կատարելուց առաջ հարկ էր տեղյակ պահել Հայաստանի մարզական ղեկավարությանը եւ համաձայնություն ստանալ: Հեռախոսով պարոն Ծառուկյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվեց ձեռնպահ մնալ նմանատիպ կտրուկ քայլից: Եվ պիտի ասեմ, որ դա քայլ էր բռնցքամարտին Հայաստանում վնաս չհասցնելու համար: Առջեւում տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններն են, 2012 թվականի օլիմպիական խաղերը, դրանց վարկանիշային մրցաշարերը: Եվ մեր բռնցքամարտիկները դրանցում ցույց կտան, թե իրենք իրականում իրենցից ինչ են ներկայացնում:
– Բաքվում մեդալ չունեցանք, Սինգապուրի ուղեգիր էլ չվաստակեցինք: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱԻԲԱ-ն Հայաստանին, այսպես կոչված, սպիտակ քարտ կտա:
– Կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Դրանով զբաղվում է ֆեդերացիան: Բայց դրա հավանականությունը չեմ բացառում: Քանի որ բռնցքամարտում յուրաքանչյուր երկրի տրվում է առավելագույնը երեք վարկանիշ, ուղեգրերի մի մասը ազատ է մնում: Կարծում եմ, ԱԻԲԱ-ի հետ աշխատելու դեպքում մեզ այդպիսի հնարավորություն կարող է ընձեռվել: