Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոքր դրամատիկ թատրոն չի ստեղծվի

Մայիս 07,2010 00:00

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի կարգավիճակը չի փոխվի

\"\"
«Հավերժություն» բալետում մենապարում են Մերի Հովհաննիսյանն ու Կարեն Մաճկալյանը:

Ժամանակին («Առավոտ», 2007.16. 11) անդրադարձել էինք նշանավոր բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի գլխավորած Խորեոգրաֆիայի պետական թատրոնի խնդիրներին եւ մտահոգություն հայտնել, որ իր տեսակի մեջ բացառիկ այս օջախը չունի շենք, զրկված է աշխատանքային տարրական պայմաններից: Հիշեցնենք, որ թատրոնը գտնվում է Պարարվեստի քոլեջի շենքում: Նշել էինք նաեւ, որ այն պատրաստվում է բեմադրել հերթական՝ Էդ. Սադոյանի «Նարեկացի, ձայն առ Աստված» բալետը: Երեք տարի անց ցանկացանք տեղեկանալ այդ բեմադրության ճակատագրին: Այցելելով Խորեոգրաֆիայի թատրոն՝ հանդիպեցինք նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Գայանե Կարապետյանին, որի ջանքերով թատրոնում տարվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Տնօրենը մասնագիտությամբ երաժիշտ է, շուրջ 20 տարի ապրել է ԱՄՆ-ում, որտեղ իր ամուսնու՝ դերասան եւ բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանի հետ հիմնադրել եւ ղեկավարել են «Մհեր Մկրտչյան» թատերախումբը: Ողջունելի է, որ գործի գլուխ է կանգնել մասնագիտությամբ ջութակահար, բազմափորձ մշակութային պրոդյուսերը, ով ժամանակին Հայաստանից Ամերիկա հյուրախաղեր է կազմակերպել՝ համագործակցելով հայ բեմի անվանի դերասանների հետ: Տիկին Կարապետյանը հայտնեց, որ կոսմետիկ վերանորոգումը անհրաժեշտ էր, քանի որ թատրոնի վիճակը չէր կարող բավարարել նույնիսկ տարրական պահանջներին: Հարցին՝ ի վերջո, ե՞րբ կկայանա «Նարեկացի, ձայն առ Աստված» ներկայացման պրեմիերան, տնօրենը նախ հիշեցրեց, որ թատրոնի խաղացանկում կա շուրջ 15 ներկայացում, այդ թվում՝ Պրոկոֆեւի «Մոխրոտը», Վիվալդիի «Տարվա եղանակները», Ժ. Օֆենբախի «Բարբին», Լ. Ճգնավորյանի եւ Մ. Մավիսակալյանի «Սուրբ Հռիփսիմե եւ Տրդատը», իսկ Սադոյանի բալետի առաջնախաղը կկայանա հավանաբար աշնանը: Հավելեց նաեւ, որ նույնիսկ վերանորոգման պայմաններում աշխատանքներ են ընթանում «Կարմիր գլխարկը» բալետի բեմադրության համար: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ մտադիր է առաջիկայում հրավիրել բալետմայստերների եւ բեմադրիչների, ինչպես նաեւ հյուրախաղեր կազմակերպել մարզերում: Հետաքրքրությանը, թե վերջին հարցազրույցում Մաքսիմ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ բալետային խումբը 26 հոգանոց է, այսօր կա՞ն նոր արտիստներ, Գ. Կարապետյանը պատասխանեց. «Թեեւ ներկայումս բալետային խումբը բաղկացած է 14 հոգուց, սակայն անհրաժեշտության դեպքում արտիստներ ենք հրավիրում նաեւ Ազգային օպերային թատրոնից եւ Պարարվեստի քոլեջից»:

Տեղեկացնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը առաջարկություն է ներկայացրել կառավարություն՝ թատրոնի կարգավիճակի փոփոխման, Խորեոգրաֆիայի թատրոնի փոխարեն Փոքր դրամատիկական թատրոնի ստեղծման մասին: Սակայն այս առաջարկությունը մերժվել է: Ի դեպ, Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը շուրջ 8 ամիս համատեղության կարգով հանդիսացել է նաեւ Խորեոգրաֆիայի թատրոնի ղեկավարը եւ տարօրինակ է, որ նման շնորհալի բեմադրիչը եւ թատրոնի նախկին երկու տնօրենները, մեղմ ասած՝ ոչինչ չարեցին այս թատրոնի համար, բալետային արվեստի սիրահարներին զրկելով մեծանուն բալետմայստեր Մ. Մարտիրոսյանի ներկայացումները վայելելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել