ԱՄՆ Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Բենջամին Կարդենը Ռուսաստանին կոչ է արել պաշտոնապես ներողություն խնդրել Կատինի ողբերգության համար եւ մինչեւ վերջ հետաքննել դրա հանգամանքները: «Մենք գնահատում ենք Ռուսաստանի կողմից արձանագրված առաջընթացը՝ այդ գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու առնչությամբ, բայց պետք է էլի մի բան անել: Շատ կարեւոր է, որ արխիվային նյութերը ամբողջությամբ հրապարակվեն: Միայն այդպես կարելի է անցյալից դասեր քաղել: Արժեր, որ Ռուսաստանը բաց եւ ոչ երկիմաստորեն ներողություն խնդրեր լեհ ժողովրդից՝ 70 տարի առաջ տեղի ունեցածի համար»,- BBC-ի հաղորդման համաձայն հայտարարել է Կարդենը՝ Կոնգրեսի շենքում Կատինի մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել ստորադաս դատարաններում վերստին քննարկել 2004թ.-ին Գլխավոր ռազմական դատախազության կողմից Կատինի գործով հետաքննությունը դադարեցնելու մասին որոշման օրինականության հարցը: