Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նվերների տուփերում՝ աղանդավորական գրքեր

Մայիս 07,2010 00:00

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի փաստմամբ, նման «նվեր» իր երեխային էլ է բաժին հասել:

«Սխալ է երեխային թողնել՝ ինքն ընտրի իր հավատքը, դա սատանայական մոտեցում է, երեխային պետք է դաստիարակել եւ ճիշտ ուղու վրա դնել»,- երեկ «Հայելի» ակումբում այս տեսակետն արտահայտեց Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտակչյանը:

Օրենքով երեխայի դաստիարակությամբ ծնողը պարտավոր է զբաղվել մինչ չափահաս տարիքը: «Երեխային ուղղություն տվողն առաջին հերթին հայրն ու մայրն են. եթե երեխային ազատ ձգես, փողոցային միջավայրը նրա վրա կազդի: Երեխան սպունգի պես է, ինչ տաս, այն էլ կծծի: Ես կողմ եմ, որ երեխայի դաստիարակությամբ, հատկապես հավատքի ընտրության հարցում ծնողն իր ազդեցությունն ունենա: Այսօր շատ եմ լսում՝ թողեք երեխան ինքն ընտրի իր հավատքը: Սխալ է, որովհետեւ երեխան ինքնուրույն չի ընտրի, այլ շրջապատն իր համար կընտրի: Նա իբրեւ հայ քրիստոնյա՝ պետք է դաստիարակվի Աստվածաշնչյան սկզբունքներով»,- ասում է նա:

Ավետարանական եկեղեցու հովիվը փաստում է. «Իմ երեխաները դաստիարակվել են որպես քրիստոնյա, բայց դպրոցներում նրանց վրա ճնշումներ են գործադրվել: Այդ ճնշումները ոչ միայն դպրոցներում են, անգամ՝ համալսարաններում»:

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքով, համալսարաններում եւ կրթական հաստատություններում հավատքի ճնշումները բացառվում են. «Հայաստանում չկա ինչ-որ մի օրենք, որը կարողանա սահմանափակել կամ դադարեցնել կրոնական կառույցների ճնշումը, դրանց գործունեությունը: Եթե կան էլ, ուրեմն անձի կամ ինչ-որ մեկի պնդումն է եւ ոչ թե համալսարանական, պետական ծրագիր»:

Ալեքսանդր Ամարյանը հիշատակեց, որ տարիներ առաջ, երբ հանրապետության դպրոցներում եւ մանկապարտեզներում տուփերով նվերներ էին բաժանվում, դրանց մեջ պարտադիր տեղ էին գտնում պատկերազարդ եւ գունագեղ կրոնական գրքեր՝ «Բոլոր նվերներից լավագույնը» խորագրով: Նրա բնորոշմամբ՝ դրանք աղանդավորական խմբերի քարոզի, նոր կյանք մտնող երեխային իրենց ետեւից տանելու լավագույն ձեւն էին, որ շարունակվում են մինչ օրս. «Ես իմ տանը այս գրքերից 30 օրինակ ունեմ, դրանցից մեկն էլ իմ երեխային է հասել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել