Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհի՛ քեռիներ, մի բան ասեք ինձ

Մայիս 07,2010 00:00

Այս պատմությունը նվիրում եմ Հայրենական պատերազմի հաղթանակին

\"\"Ես Դավիթ Ասրյանն եմ: Սիրում եմ նկարել (պատրաստվում եմ անհատական ցուցահանդեսի): Կարդալ եւս շատ եմ սիրում, մանավանդ Թումանյանի եւ Անդերսենի հեքիաթները, մեկ էլ սիրում եմ դիտել տրանսֆորմերներին, ռենջերներին, բոլորից շատ Ռասամախային: Տանը շարունակ ինձնից դժգոհ են: Սարսափելի զայրանում եմ, երբ ասում են՝ վատ ես ուտում: Ես մեկ բան եմ ուզում ուտել, իրենք այլ բան են առաջարկում: Ընդհանուր կարծիքի գալիս ենք, երբ տատիկս ասում է, արի գնանք մոտակա՝ Պուշկինի անվան զբոսայգի, կխաղաս, համ էլ մաքուր օդ է, գուցե ախորժակդ բացվի: Գնում ենք: Վերջերս այնտեղ կատարվեց մի սարսափելի դեպք, որից հետո ընդհանրապես ոչինչ չէի կարողանում ուտել, ավելին՝ շարունակ բղավում էի… Պատմեմ այն:

Զբոսայգում հաճախ էին տատիկիս կողքի կանայք ասում՝ եկավ:

Նայում էի՝ ոչ ոք չկար, միայն մի շատ ծեր, նիհար ու դողդոջ տատիկ էր մոտենում ու համարյա բորբոսնած չոր հացի կտորներ բաժանում բոլորիս: Ես չէի վերցնում, բայց կային երեխաներ, որ շատ լուրջ, մեծավարի վերցնում էին, շնորհակալություն հայտնում ու հետո թաքուն նետում մի կողմ: Եվ այդպես՝ շարունակ: Տատիկը բոլորիս շոյում էր, մեկ-մեկ էլ քաղցրավենիք էր բաժանում: Չգիտես ինչու, բոլոր մայրիկներն ու տատիկները փախցնում էին հայացքները, որ չտեսնեին: Մի օր էլ նա նստեց տատիկիս կողքին ու պատմեց իր մասին:

Ազգությամբ ռուս այդ տատիկը ապրելիս է եղել Լենինգրադում: Այդտեղ պատերազմ է եղել, որ կոչվել է Մեծ հայրենական: Ու քաղաքը պաշարվել է գերմանացիներով: Այնտեղ սով է սկսվել, ու մահացել են նրա չորս երեխաները: Համարյա մեր հասակի: Պատերազմից հետո տատիկը տեղափոխվել է Երեւան, եւ ողջ կյանքն ապրել է ցնորված: Ու միշտ այգու մանուկներին հացի փշրանքներ է բաժանել:

Ես այդ օրը հարցերով տատիկիս հոգին հանեցի: Տատիկս էլ պատմեց, որ նաեւ իրենց հայրիկներն են մասնակցել այդ պատերազմին եւ հարյուր հազարավոր զոհեր են տվել: Իմ ծնվելուց առաջ մեր երկրում էլ է պատերազ եղել, որ կոչվել է «Արցախյան ազատամարտ»: Շրջափակում, ցուրտ ու մութ է եղել: Մենք էլ ռուսների նման մեր երկիրն ենք պաշտպանել ու մեր թալանված հողերից էլ մի փոքր տարածք ենք ետ վերադարձրել: Շա՜տ զոհեր ենք ունեցել, որ դարձել են քարե Եռաբլուրներ՝ սփռված երկրով մեկ: Այդ լսելուց հետո ես ողջ հոգով ատեցի պատերազմ բառը…

Մի օր էլ այգում ասացին, որ ռուս տատիկը մահացել է:

Այդ օրը ողջ զայրույթս թափեցի խեղճ տրանսֆորմերներիս վրա: Դուրս թափեցի տնից նաեւ բոլոր խաղալիք հրացաններս: Հիմա գիշերները քնելուց առաջ շարունակ մտածում եմ՝ այդքան պատկառելի մեծամեծ քեռիները, որ ղեկավարում են էս մեր աշխարհը, չե՞ն կարող, արդյոք, առանց այդ զզվելի պատերազմի հավաքվել ու մարդկանց հարցերը խաղաղ կարգով լուծել:

Թե, ինչպես նախկին բարձրաստիճան կուսակցական պապիկս է ասում՝ բա զենքի՞ բիզնեսն ով անի: Տատիկս էլ ասում է, քոռանամ ես՝ երեխես չմեծացած արդեն ծերացավ: Կլինի՞ մի սերունդ, որ չօգտագործի անիծյալ պատերազմ բառը: Հը՞, աշխարհի բարի քեռինե՛ր, մի բան ասեք ինձ:

 Հ. Գ. Հոդվածի ռուսերեն թարգմանությունը տպագրվել է Մոսկվայի «Շկոլա ի օբշեստվա» ամսագրի մայիսյան համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել