Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին ընդառաջ՝ Վանաձոր համայնքի ավագանին եւ քաղաքապետը, գնահատելով վետերանների վաստակն ու ներդրումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով, որոշեցին այսուհետեւ Վանաձոր քաղաքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի 52 վետերաններին ազատել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների մասով գույքահարկից ու մինչեւ 2010 թվականը ներառյալ՝ գույքահարկի գծով հարկային պարտավորություններից:
Վանաձորի վետերանների խորհրդում այս պահին գրանցված է 139 վետերան, սակայն նրանց մի մասի գույքը ժառանգներն են տնօրինում: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը չբացառեց, որ բացթողումներ կլինեն. «Նման դեպքերում պատրաստ ենք յուրաքանչյուր վետերանի համար առանձին դիմել ավագանուն»,- Վանաձորի ավագանու երեկվա նիստում հայտարարել է Վանաձորի քաղաքապետը:
Ավագանու մեկ այլ որոշմամբ, ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների Վանաձորի խորհրդի տարածքը (Թումանյան 1/99) եւ սկզբնական միավորումը (Դեմիրճյան 25/10-1) 10 տարի ժամկետով տրվեց անվարձահատույց օգտագործման:
«Առավոտի» մայիսի 5-ի համարում «Մեզ հերթ կհասնի՞» հրապարակմամբ ներկայացրել ենք Վանաձորի վետերանների բողոքը, որ վետերանների քաղաքային սկզբնական կազմակերպությունում չկա ջուր, լուսավորություն, ջեռուցում, կոյուղի: Իսկ երեկ Վանաձորի ավագանին որոշել է, որ քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի Վետերանների ակումբի պահպանման ծախսերի համար կես միլիոն դրամ կհատկացնի եւ կապահովի վառելափայտով: Վանաձորի վետերաններն արդեն երկու տարի է՝ ներքաղաքային տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունք ունեն:
Ի դեպ, երկարատեւ մոռացությունից հետո վերանորոգվում է քիմիագործների այգում տեղադրված «Անհայտ զինվորի հուշարձանը», որի մոտ էլ միջոցառումներ են անցկացվելու: