Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիսից «Տուն կգան»

Մայիս 07,2010 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը աճել է

\"\"

2009 թվականին ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստանում, հայաստանցիների ընտանիքներում երկու շաբաթով հանգստացան 14-25 տարեկան մոտ 400 սփյուռքահայ պատանիներ եւ աղջիկներ, այս տարի նախատեսվում է ծրագիրը սկսել հունիսից՝ ավարտել նոյեմբերին, ակնկալվում է, որ այս տարի «Տուն կգա» մոտ 550-600 սփյուռքահայ, մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը: Այս տարի փոխվել է «Արի տուն» ծրագրին մասնակցելու տարիքային սահմանը: Անցած տարվա 14-25 տարեկանների փոխարեն այս տարի ծրագիրը նախատեսված է 13-20 տարեկանների համար: Որեւէ այլ փոփոխություն չկա, քանի որ ծրագրի բովանդակային մասից ոչ մի բողոք չի եղել, հայտարարեց Ժենյա Ազիզյանը: Ինչպես անցած տարի, այս տարի էլ սփյուռքահայ երեխաները կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, հայրենագիտության դասերի կմասնակցեն եւ այլն: Սփյուռքահայերի ծախսերը հոգում է հյուրընկալ ընտանիքը, որոշ ծախսեր՝ պետությունը, բացառությամբ՝ դրսից Հայաստան ճանապարհածախսի:

Անցած տարի «տուն եկածներից» շատերը դեռ ծրագրի պաշտոնական մեկնարկից շատ առաջ ցանկություն են հայտնել այս տարի էլ մասնակցել ծրագրին, սակայն Հայաստանը՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը կարծում է, որ դրսում ապրող յուրաքանչյուր հայ իրավունք ունի Հայաստան այցելել, հայրենիքը տեսնել: Այնպես որ, առայժմ կրկնվող այցեր չեն լինելու: Բայց չի բացառվում, որ «Արի տունը» մի 5 տարի հաջողությամբ իրականացնելուց հետո կազմակերպվի այս ծրագրով Հայաստան եկած բոլոր պատանիների եւ աղջիկների հավաք:

Ըստ Ժենյա Ազիզյանի, անցած տարի՝ առաջին «Արի տան» ժամանակ ԱՄՆ-ը, Կանադան, Ամերիկա մայրցամաքը մեծամասամբ պասիվ էին, ակտիվ էր Եվրոպան, Մերձավոր Արեւելքը: Իսկ այս տարվա համար առաջին հայտը ստացվել է դեռեւս 2009-ի դեկտեմբերին՝ Կանադայից: Այսօր արդեն կա մոտ 300 հայտ Կիպրոսից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից:

Հյուրընկալ ընտանիքների աշխարհագրությունը պահպանվել է. Երեւան եւ մայրաքաղաքամերձ մարզեր, եթե սպասվածից ավելի շատ սփյուռքահայ երեխաներ գան, հյուրընկալ ընտանիքների աշխարհագրությունը կընդլայնվի: Անցած տարի սփյուռքահայ երեխա ընդունած ընտանիքների մոտ 70 տոկոսը պատրաստ է այսօր էլ երեխա հյուրընկալել: Անցած տարի ամենաշատ հյուրընկալ ընտանիքները Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել