«Առավոտի» տեղեկություններով, մայիսի 5-ին Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, երկուամսյա կալանքի է վերցվել 25-ամյա Արթուր Հարությունյանը: Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Նշված արարքի համար մեղավորը կարող է դատապարտվել առավելագույնը հինգ տարի ազատազրկման:
«Առավոտին» հայտնի դարձավ, որ Արթուր Հարությունյանը «Բանգլադեշի Համոյի»՝ Աշոտ Ավետիսյանի զարմիկն է:
«Բանգլադեշի Համոյի» զարմիկը մեղադրվում է այն բանում, որ մայիսի 2-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 20 էլեկտրասյան մոտ բախվել է 54-ամյա Սերժիկ Մ.-ի կողմից վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 63 SS 742 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր՝ 58-ամյա Անահիտ Պապոյանը տեղում մահացել է, իսկ Սերժիկ Մ.-ն եւ նրա մյուս ուղեւորը՝ 56-ամյա Գառնիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արթուրը դեպքի վայրից ավտոմեքենայով դիմում է փախուստի, որոշ ժամանակ անց նկատում է, որ բացակայում է ավտոմեքենայի դիմացի համարանիշը եւ վերադառնում է վթարի վայր, սակայն այնտեղ արդեն հավաքված են լինում մեծ թվով քաղաքացիներ եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, որոնք վթարի վայրում տեղազննման աշխատանքներ էին կատարում: Արթուրը նկատում է, որ իր մեքենայի համարանիշը ճանապարհային ոստիկաններից մեկի ձեռքում է եւ այն խլելով ոստիկանի ձեռքից՝ դիմում է նոր փախուստի: Արդյունքում՝ վնասվում է ոստիկանի դաստակը: Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվում է երկրորդ անգամ փախուստի դիմած Արթուր Հարությունյանին բռնել Տիգրան Մեծի պողոտայում, որտեղ Արթուրը վեճի է բռնվում ոստիկանության աշխատակիցների հետ: Իսկ ամբողջովին վնասված «Տոյոտա Պրադոն» հայտնաբերվել է Գետառի փողոցի թիվ 4 հասցեում (հայտնի «Գորվետկայի» բակում):