Մայիսի 4-ի «Առավոտում» «Հայցագնի փոխարեն արգելանք` ողջ գույքի վրա» հոդվածում անդրադարձել էինք մեքենաների բախման արդյունքում կողմերի միջեւ ծագած վեճի այն դրվագին, երբ արգելանք է դրվել ոչ թե հայցագնի չափով, այլ պարտապանների ողջ գույքի, դրամական միջոցների վրա: Այդ կապակցությամբ պատասխան է ուղարկել նաեւ ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղարը:
Ըստ այդ պատասխանի, փետրվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւանի Ավան եւ Նոր Նորք բաժնում հարուցվել է կատարողական վարույթ՝ նույն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա. «Արգելանք դնել պատասխանողներ Գրիշա Ոսկանյանի եւ Գուրգեն Մալաքյանի ողջ գույքի, դրամական միջոցների եւ բանկային հաշիվների վրա»: ԴԱՀԿ մեկնաբանմամբ, «Պատասխանողը՝ Գուրգեն Մալաքյանը «Առավոտի» հոդվածում մեղադրում է ԴԱՀԿ ապահովող ծառայությանը՝ իր ողջ աշխատավարձի վրա արգելանք դնելու համար այն դեպքում, երբ օրենքի համաձայն, կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի: Հայտնում ենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արգելանք չի դրել պարտապանի դրամական միջոցների վրա՝ դրանց բացակայության պատճառով, քանի որ հարցումների արդյունքում Գ. Մալաքյանին պատկանող դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»: Մինչդեռ պարտապանը մեղադրել է ոչ թե ԴԱՀԿ-ին, որը, չգիտես ինչու, իր վրա է վերցրել «մեղքը», այլ՝ դատարանին:
ԴԱՀԿ-ն պաշտոնապես տեղեկացնում է նաեւ, որ «Պարտապանը ծառայությունում լրացրել է հայտարարագիր՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների, կազմի ու քանակի մասին, որտեղ նա միայն հայտարարագրել է համասեփականատիրոջ իրավունքով որպես սեփականություն Երեւանի Ռուբինյանց 20 շենքի 36 բնակարանը: Ընդ որում, նա ստորագրել է հայտարարագրի տակ, ինչով զգուշացվել է, որ տվյալներ թաքցնելու դեպքում կենթարկվի պատասխանատվության: Եթե «տուժած» պարտապանը պնդում է, որ աշխատում է եւ ստանում է եկամուտ, ապա տվյալներ թաքցնելու համար նրա նկատմամբ առաջանում է պատասխանատվության ենթարկելու խնդիր»:
«Առավոտի» տրամադրության տակ գտնվող 17.02.2010թ. «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշմամբ արգելանք է դրվել նշյալ անձանց «ողջ գույքի, բանկային հաշիվների, դրամական միջոցների վրա»՝ ամբողջությամբ: Եվ մեր հրապարակման մեջ խոսքը հենց այդ մասին էր:
Ի դեպ, պարտապանը դրամական միջոցներ չունենալու պատճառով նախորդ օրվա դատական նիստին չի ներկայացել, իսկ մինչ դատական նիստը Ա. Դավթյանին բացարկ է հայտնել նրա ներկայացուցիչը: