ՀՀ կառավարությունը մտադիր է բազմաբնակարան շենքերի աղբամուղները հանել
Փափազյան 22 հասցեի բնակիչները, արդեն քանի օր է, ստորագրահավաք են կազմակերպել եւ պատրաստվում են բողոքով դիմել կառավարություն: Բնակիչների պատմելով՝ Արաբկիրի թաղապետարանն ուզում է իրենց շենքի աղբամուղները վերացնել եւ փոխարենը շենքի բակում մի քանի աղբամաններ տեղադրել. «Չգիտենք, թե ինչով են այդ աղբամուղները խանգարում թաղապետարանին: Հավանաբար մեկը աչք ունի էդ տարածքների վրա: Օրեր առաջ թաղապետարանից մարդիկ էին եկել, չափումներ էին անում տարածքում»:
«Արեգ» համատիրությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ իսկապես մտադիր են այդ շենքի աղբամուղն ապամոնտաժել. «Ներկայումս որոշում է քննարկվում, որ Երեւան քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի աղբամուղները հանեն, որովհետեւ, ինքներդ էլ գիտեք, թե ամառը որքան տհաճ հոտ են դրանք տարածում»: Մեր հարցին՝ դեռ որոշումը չընդունված՝ ինչո՞ւ են արդեն այդ շենքում խուճապ ստեղծել, պատասխանեցին. «Այդ շենքի հիմքի տակ կեղտաջրեր են հավաքվում, ներկայումս պետք է շենքի հիմքում խողովակներ փոխենք եւ ուզում ենք միանգամից այդ աղբամուղի հարցն էլ լուծել: Պարզ է, որ որոշ բնակիչներ դեմ կլինեն, բայց շատերն էլ ուրախացել են, որ վերջապես կազատվեն աղբի տհաճ հոտից»: Նշենք, որ Փափազյան 22 հասցեի շենքը նախկին կույրերի միավորման շենքն է: Այնտեղ բնակվում են շատ հաշմանդամ, տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք աղբամուղներն ապամոնտաժելուց հետո ստիպված պետք է լինեն իրենց բնակարանի աղբը շենքի բարձր հարկերից տոպրակներով ցած գցել, որովհետեւ շենքը դեպի բակ մուտք չունի, ուստի չտեսնող մարդու համար շատ դժվար է ամեն օր խարխափելով երկար ճանապարհ կտրել, աստիճաններով իջնել ու բարձրանալ՝ աղբը բակում տեղադրված աղբամանները նետելու համար:
«Մենք առանց բնակիչների կամքը հաշվի առնելու՝ աղբամուղը չենք ապամոնտաժի»,- «Առավոտին» այսպես վստահեցրեց Արաբկիրի թաղապետի տեղակալ Հարություն Խաչատրյանը: Ըստ նրա, այդ շենքի աղբամուղը ժամանակավոր են փակել. «Շենքի տակ ջուր է լցվում, իսկ քանի որ նախագիծն այնպիսին է, որ որեւէ կերպ հնարավոր չէ այդ կեղտաջրերը հիմքից մաքրել, ստիպված էինք աղբամուղը մոտ մեկուկես ամսով փակել, որպեսզի այդ աշխատանքներն ավարտենք: Կարիք չկա ստորագրություններ հավաքելու եւ կառավարություն դիմելու, քանի որ դեռեւս աղբամուղները փակելու հետ կապված վերջնական որոշում չկա»: Պարոն Խաչատրյանը թեեւ բնակիչներին հանգստացրեց, սակայն մի շարք հիմնավորումներ բերեց, որ կոնկրետ այդ շենքի աղբամուղներն ապամոնտաժելն անհրաժեշտություն է. «Առաջիկայում հնարավոր է բոլոր բազմաբնակարան շենքերից աղբամուղները հանվեն, սակայն, անկախ այդ որոշումից, կան շենքեր, որտեղ աղբահանությունը օր օրի մեծ խնդիր է դառնում այդ աղբամուղների պատճառով: Փափազյան 22 հասցեի շենքում նույնպես աղբահանություն շատ դժվար է կատարել, եւ քանի որ բնակիչները դեմ են, չենք ուզում աղբամուղները հանել, բայց մի լուծում այդ հարցին պետք է գտնենք»: