Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈԹՈՐԻԿՆ ՈՒ ԺԱՆՏԱԽՏԸ ԳՅՈՒՂԸ ԿԿՈՐԾԱՆԵՆ

Մայիս 07,2010 00:00

\"\"Լուսաղբյուրի նախկին գյուղապետի բոլոր խոզերը սատկել են

Լուսաղբյուրը Շիրակի մարզի այն բնակավայրերից է, որն ապրիլի 15-ին բարձրացած փոթորկի պատճառով ավերակների վերածվեց, ուժեղ քամին թռցրել էր բոլոր տների կտուրները՝ գյուղացիներին պատճառելով մոտ 10 միլիոն դրամի վնաս: Այս ավերածություններից դեռ աչք չբացած՝ այժմ էլ լուսաղբյուրցիները ինտենսիվ պայքար են սկսել գյուղում մոլեգնած աֆրիկյան ժանտախտի դեմ. եթե այն տարածվի, գյուղացիները ստիպված կլինեն ողջ ունեցվածքը՝ հողակտորները, ոսկեղենը, անգամ տները կորցնել: Բանն այն է, որ այս գյուղում շատերն են զբաղվում անասնապահությամբ, ինչպես փաստում է գյուղապետի տեղակալ Մելս Մանուկյանը, գյուղի 70%-ը այս նպատակի համար բանկերից վարկեր է վերցրել՝ գրավադրելով ունեցած-չունեցածը: «Եթե նման գլխաքանակի անկում կամ ստիպողաբար վերացում լինի ամբողջ գյուղի մակարդակով, գյուղացիները ուղղակիորեն կսնանկանան: Նրանք վարկեր են վերցրել՝ ակնկալելով, որ խոզերը նպատակին հասցնելու դեպքում կարող են ինչ-որ չափով թեթեւացնել վարկերը: Առաջարկվել է բռնկումների դեպքում վերացնել ամբողջ գլխաքանակը, եթե ինչ-որ մեկի տանը անկել է անասուն եւ պարզվել է, որ աֆրիկյան ժանտախտ է, մնացած գլխաքանակը պարտադիր վերացնելու են: Իսկ գյուղում հաշվառված է մոտ 600 գլուխ խոզ, եթե շուկայական գներով հաշվենք՝ ահռելի թվերի հետ գործ կունենաք, մոտավորապես 35-40 միլիոն դրամի արժեք կարող է կազմել»,- հաշվարկում է փոխգյուղապետը:

Անասնաբուժական ծառայության մասնագետները վարակը կանխարգելելու նպատակով գուղացիների խոզերին, այսպես ասած, կալանքի են ենթարկել. գոմերից դուրս չեն թողնում, բակային կարանտին են հայտարարել ու յուրաքանչյուրի տան բակում ախտահանիչ գորգ պատրաստել, որտեղ փռված է ծղոտ ու քլորաջուր է լցված: Այնուհետեւ կերն ու անկած անասունները տեղափոխել են Երեւան՝ լաբորատոր հետազոտություններ անցկացնելու նպատակով: «Բոլոր անկած անասունները տեղափոխվել են բնակավայրից դուրս, 2 մետր խորությամբ փոս է փորվել ու թաղվել են, վրան էլ քլոր ենք լցրել: Ճիշտն ասած, գոմում բավականին տեղ էի պատրաստել խոզերի քանակը ավելացնելու համար, բայց այսպիսի բան եղավ: Իհարկե, վնասը բավականին մեծ է, մսի էսօրվա շուկայական գները բոլորիս հայտնի են, մի կիլոգրամ միսը վաճառվում է 1800-2000 դրամով, իսկ իմ խոճկորների մի հատը 30000 դրամ է, բայց պատկերացրեք տրամադրություն էլ չունեմ հաշվարկներ կատարելու»,- ասաց Լուսաղբյուրի նախկին գյուղապետ Մացակ Ալեքսանյանը՝ շեշտելով, որ իր անասնագոմի սանիտարահիգիենիկ վիճակը շատ լավ է եղել, դրսից ոչ մի անասուն չի գնել, հետեւաբար չի կարող որեւէ մեկին վարակի հարցում մեղադրելու: Մ. Ալեքսանյանը նստած սպասում է լաբորատորիայի պատասխանին, թե որտեղի՞ց է ի հայտ եկել վարակը:

Շիրակի մարզի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության գլխավոր մասնագետ Արսեն Ալավերդյանն էլ տեղեկացրեց, որ ապրիլի 25-ին՝ տանտիրոջից ահազանգը ստանալուց հետո անմիջապես կերը ուղարկվել է Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա պետական ոչ առեւտրային կազմակերպություն, 3-4 օրվա ընթացքում լաբորատոր բոլոր մեթոդներով հաստատվել է վարակիչ հիվանդությունը՝ «խոզերի աֆրիկյան ժանտախտ»: «Տվյալ հիվանդության դեմ պատվաստանյութ չկա ողջ աշխարհում: Մենք ունենք խոզերի դասական ժանտախտ հիվանդության դեմ պատվաստանյութ, ներկա դրությամբ էլ շարունակում ենք պատվաստումները, պատվաստանյութերը պետության կողմից ներկրվել են, եւ սրանով մենք հետագայում դեպքեր գրանցվելու ժամանակ կկարողանանք դիֆերենցել՝ դասակա՞ն, թե՝ աֆրիկական ժանտախտ է: Իսկ ինչ մնում է տվյալ հիվանդությանը, ապա կանխարգելելու համար պետք է բացառել կենդանիների շփումները, պարտադիր է մսուրային պահվածքը, այսինքն՝ կենդանիները ընդհանրապես գոմից պետք է դուրս չգան, պետք է պատրաստվեն ախտահանիչ գորգեր, համայնքի բոլոր բնակչությանը բաժանվել են ախտահանիչ նյութեր, նորից կկրվի, կբերվի: Եթե մի օջախում գրանցվել է, եթե բարձիթողի մնա, ապա կարող ենք ասել, որ տվյալ համայնքը 2 օրվա ընթացքում կարող է ենթարկվել կարանտինային սահմանափակման, եթե շփումը եղավ, ապա շատ արագ կտարածվի»,- նախազգուշացնում է Արսեն Ալավերդյանը: Իսկ աֆրիկյան ժանտախտի դեպքում պետությունը նախատեսո՞ւմ է վնասի փոխհատուցում՝ հարցին ոչ մեկը չի կարողանում հստակ պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել