Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հստակեցնելու անհրաժեշտություն կա

Մայիս 07,2010 00:00

Երեկ կառավարությունը չհաստատեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ներկայացրած քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին նախագիծը: Ըստ նախարարի, նախագծով մասնավորեցվել է հատկապես վտանգավոր եւ տեխնիկապես բարդ օբյեկտների նախագծային փաստաթղթերի համար նախատեսված հատուկ համալիր փորձաքննության իրականացման ընթացակարգը: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այս առիթով նկատեց. «Սովորաբար նախագծերն անցկացնում են փորձաքննության, ապա կազմում նախահաշիվներ, բայց բազմաթիվ անգամ արձանագրել ենք, որ նախահաշիվները արհեստականորեն ուռճացվում են եւ գների մեջ իրական շուկայական գների համեմատ էական թռիչքներ կան»: Իշխան Զաքարյանը հետաքրքրվեց, թե այս կարգը գնային փորձաքննությունը կարգավորո՞ւմ է, թե՞ ոչ: Նախարարն էլ պատասխանեց. «Սա համալիր փորձաքննություն է, որը նախագծի փորձաքննություն անցկացնելու հետ զուգահեռ, նայում է նախահաշվային փաստաթղթերը, ես կարծում եմ՝ առանձին գնային փորձաքննություն անցկացնելու կարիքն էլ չկա»:

Պարոն Զաքարյանն էլ առաջարկեց այդ հարցում ճշգրտումներ անել ու կարգը հստակեցնել. «Դպրոցների վերանորոգման նախահաշիվներում գրվում է իտալական կամ բելգիական արտադրության դռներ կամ լուսամուտներ, իսկ մեր ստուգումների ժամանակ պարզում ենք, որ իրականում տեղադրում են տեղական արտադրության դռներ ու լուսամուտներ, բայց ստանում են նախահաշվով ֆիքսված գումարները»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ առաջարկեց ուսումնասիրել միջազգային փորձը. «Պետք է հասկանանք, թե դրանից ի՞նչ իրավական հետեւանքներ են բխում, եթե փորձաքննության ժամանակ գնային առաջարկներին փորձագետները տալիս են դրական եզրակացություն, իսկ հետագայում շուկայական գների տատանում է տեղի ունենում եւ արդյունքում ուրիշ բան է ստացվում: Այս դեպքում փորձաքննության մեջ ներառված կազմակերպությունը պատասխանատվություն կրո՞ւմ է իր փորձաքննության համար»: Նախարարի պատասխանը՝ ոչ: Վարչապետը հորդորեց Վերահսկիչ պալատի նախագահի դիտողությունները փաստաթղթում ներառել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել