Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուսակցությունները կորցրել են իրենց գործառույթները

Մայիս 07,2010 00:00

\"\"«Մեր կուսակցությունները կարծես դարձել են աշխատանքի բորսաներ»,- երեկ կառավարության նիստից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը,- «Ամբողջ աշխարհում քաղաքացիական եւ պետական ծառայության առաջնային սկզբունքը քաղաքական չեզոքությունն է, եւ մի շարք երկրներում օրենքով արգելված է քաղաքացիական ծառայողի կուսակցական լինելը, բայց մեր քաղծառայողներից շատերը տարբեր գրպաններում տարբեր կուսակցական անդամատոմսեր ունեն»: Պարոն Բադալյանը, խոսքը ուղղելով կոալիցիան ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին, ասաց. «Դուք ինձնից լավ գիտեք, ինչ է կատարվում, ինչպիսի թեկնածուներ են ձեզ առաջադրում, եւ դուք էլ ամեն գնով ուզում եք անցկացնել»:

Նա նաեւ հիշեցրեց, որ օրենքի համաձայն, թերացող, անբարեխիղճ քաղաքացիական ծառայողներին ազատում են աշխատանքից, մինչդեռ. «Շատ հաճախ քաղծառայողական քննությունների ընթացքում մեր որոշ պաշտոնյաներ փորձում են խուսափել քննություններից եւ չմասնակցել, ես կարծում եմ՝ անկախ դիրքից, պաշտոնից ու դեմքից, բոլորը պարտավոր են ենթարկվել օրենքին եւ կարգին: Պաշտոնյաները նրա համար չեն, որ քամահրանքով վերաբերվեն օրենքին ու կարգին: Ես առաջարկում, պահանջում եւ պնդում եմ` վերջ տալ այս կամայական եւ սուբյեկտիվ մոտեցումներին»:

Պարոն Բադալյանին նաեւ մտահոգում է այն, որ վերջին շրջանում գերատեսչություններն առաջարկում են քաղծառայողների անձնագրերում կատարել լրացումներ կամ փոփոխություններ՝ կուսակցական պատկանելության նկատառումներից ելնելով: Պարոն Բադալյանի խոսքով, եղել են առաջարկություններ, օրինակ՝ հաշվապահական բաժնի աշխատակցին աշխատանքային բնութագրում գրել, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել նաեւ աշխարհագրության մասնագետը:

Բադալյանը նաեւ մատնանշեց այլ խախտումներ. «Կառավարության մի շարք որոշումներ կան, որոնք սահմանում են ստորաբաժանումների եւ դրանց աշխատակիցների թվաքանակը, մասնավորապես՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանում եւ այլն, նաեւ այդ որոշումներով կոնկրետ մասնագիտություններ են սահմանված, բայց շատ հաճախ այդ որոշումներին հակասող նախաձեռնություններ են հանդես բերում, որն ինձ համար տարակուսելի է»: Պարոն Բադալյանը նաեւ ասաց, որ նախարարություններում եւ մարզպետարաններում երեխաների իրավունքների բաժիններում ոչ համապատասխան մասնագետներ են առաջարկում. «Եվ մարզպետը կարող է դիմել, որ այս բժշկի մասնագիտությունը հանեք ու գրեք պարզապես բարձրագույն կրթություն, սա կառավարության որոշմանը հակասող նախաձեռնություն է»: Սրան ի պատասխան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Ես համոզված եմ, որ դուք կգտնվեք ձեր բարձրության վրա եւ օրենքով ձեզ տրված լիազորությունները ամբողջ ծավալով կիրացնեք ու թույլ չեք տա, որ լինեն միջամտություններ, օրենքի խախտումներ, նաեւ հայտնում ենք ձեզ մեր աջակցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել