Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃՆ ԱՆՈՐԱԿ Է, ԳՆԱՃԸ՝ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

Մայիս 07,2010 00:00

\"\"Իշխանությունները կանխատեսել են, որ այս տարի Հայաստանում Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կկազմի 2 տոկոս

Վիճծառայությունն արդեն ամփոփել է առաջին եռամսյակի ցուցանիշները եւ իշխանությանը հուսախաբ չի արել՝ ՀՆԱ-ի աճը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 5,5%: Երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ասուլիսին մասնակցում էր նաեւ տնտեսագետ Սամվել Ավագյանը, որի համոզմամբ՝ 5,5% աճ ապահովող այդ ՀՆԱ-ի մեջ որակ չկա. «ՀՆԱ-ի աճի հիմքում արդյունաբերությունն է, իսկ հանքերն ավելի ինտենսիվ շահագործելու հաշվին ձեւավորված ՀՆԱ-ի աճը որակ չի կարող տալ»:

Գ. Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ այս տարի առաջին եռամսյակում անկում է նկատվել միայն շինարարության ոլորտում՝ 6%, իսկ մյուս ոլորտներում աճեր ենք գրանցել: Օրինակ՝ միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով:

Ասուլիսի թեման գնաճին էր վերաբերում: Պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ հունվար-մարտ ամիսներին սպառողական շուկայի գնաճը մեր երկրում կազմել է 8,4%: «Առավոտի» հարցին, թե տնտեսագետ Ս. Ավագյանը հավատո՞ւմ է Վիճծառայության ներկայացրած թվերին, թե՞ ինքն իր ուսումնասիրություններն ունի՝ նա պատասխանեց. «Հիմա ավելի շատ եմ հավատում, քան մի քանի տարի առաջ, թեեւ ինձ համար զարմանալի է, որ, օրինակ, ՀՆԱ-ի աճի մեջ 14,5%-ը կազմում են «այլ ծառայությունները», թե որո՞նք են այդ ծառայությունները, որ համարյա արդյունաբերության չափ ներդրում ունեն ՀՆԱ-ի աճի մեջ՝ անհայտ է»: Լրագրողները տնտեսագետին խնդրեցին բացատրել Հայաստանում արձանագրված այդքան բարձր գնաճի իրական պատճառները: Ս. Ավագյանի խոսքերով՝ «Կան ներքին եւ արտաքին ճնշումներ, բայց արտաքին ճնշումներն այնքան չեն, որ 12 ամսվա կտրվածքով մեր երկրում 6,8 % գնաճ ստեղծեին: ԿԲ-ն եւ կառավարությունն իրենք էլ չեն թաքցնում, որ ներքին շուկայում կան գերիշխող դիրք ունեցողներ, որոնք գնային մանիպուլյացիաներ են կատարում»: Տնտեսագետը խուսափեց կանխատեսումներ անել՝ առաջիկայում գները կշարունակե՞ն բարձրանալ, թե՞ կիջնեն. «Իմ ընտանիքի համար գազի սակագների բարձրացումը ամսական հավելյալ 5000 դրամի ծախս է առաջացրել, դա կանխատեսելի էր: Բայց ես չեմ կարող կանխատեսել, թե ձեթի, շաքարավազի, կարագի շուկայում գները որքան կբարձրանան: Եթե շաքարավազի 99,9% ներկրողը մի տնտեսվարող է՝ այսօր շաքարավազը կարող է 250 դրամ լինել, վաղը՝ 400»:

Նշենք, որ միայն ապրիլի վերջին 10 օրերի ընթացքում Վիճծառայությունը նկատել է նոր գնաճ՝ տեղական արտադրության հրուշակեղենի, ծխախոտի, կարտոֆիլի եւ գազարի շուկաներում: Մեզ հետ զրույցում Գ. Մարտիրոսյանը բացատրեց, որ Հրանտ Վարդանյանը որոշել է 100 դրամանոց առանց ֆիլտրի ծխախոտը վաճառել 110 դրամով, որն այդ շուկայի գնաճի վրա ազդեցություն է թողել: Մարտի համեմատությամբ ապրիլին իջել են միայն ձվի, ձկնամթերքի, կաթնամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների գները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել