Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթությունն էլ է դառնալու «էլիտար»

Մայիս 07,2010 00:00

«ՀՀԿրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել եւ ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը»,- անդրադառնալով հանրակրթական դպրոցներում օտար լեզվով դասավանդման արգելքը չեղյալ համարելու ՀՀ կառավարության ծրագրերին՝ երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ն արձանագրել է, որ «մայրենի լեզվի հիման վրա հանրակրթության ապահովումը մարդու ազգային ինքնության ձեւավորման, դրանով իսկ ազգի ընդհանրական ինքնության պահպանման ու խորացման, վերջին հաշվով՝ ազգային անկախ պետականության կայացման ու հարատեւման գրավականն է» եւ, որ ինքնապահպանման որպես՝ թիվ մեկ քաղաքական այդ խնդիրը գիտակցվել է տասնյակ դարեր առաջ, որ «ժամանակին ա՛յդ գիտակցումն է եղել հայոց գրերի արարման, հայկական դպրոցի ու դպրության ստեղծման միակ խթանիչը»: Կոնգրեսի համոզմամբ, օրենսդրական այդ նախաձեռնությամբ «վարչախումբը ընդունում է հայերեն կրթության անլիարժեքությունը, մատնում հայությանը երկրորդ կարգի ազգ համարելու իր ընկալումը»:

ՀԱԿ-ը նաեւ զգուշացրել է, որ «օտարալեզու հանրակրթությունը, ինչպես ցույց է տվել փորձը, որպես՝ «էլիտար», արագորեն տարածվելու, դառնալու է մի կողմից՝ սոցիալական անառողջ խմորումների, մյուս կողմից՝ հատկապես մտավոր պոտենցիալի արտագաղթի խթանման նոր մի դարպաս»: Համարելով, որ «հիշյալ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր ու գավառամտության արգասիք է», ՀԱԿ-ը կոչ է արել դրա դեմ ստեղծել հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ, կանխել դրա իրականացումը՝ միաժամանակ շեշտելով, որ «օտար լեզուների իմացությունը կարեւորագույն խնդիր է, ինչը հնարավոր է եւ պետք է լուծել մայրենի լեզվով հանրակրթության շրջանակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել