Եկեղեցին թվայնացրել է մոմերը
Ապրիլի 27-ից Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի մայր տաճարում, ավանդական մոմերին զուգահեռ, հայտնվել են նաեւ վիրտուալ մոմեր: Եկեղեցում տեղադրված էլեկտրոնային պաննոյի վրա վիրտուալ մոմ կարելի է վառել՝ զանգելով հեռախոսով կամ բջջային հեռախոսից SMS հաղորդագրություն ուղարկելով, ինչպես նաեւ համացանցի միջոցով՝ ծառայության դիմաց վճարելով կրեդիտային քարտով: Վիրտուալ մոմը վառվում է հերթական մուծումը ստացվելուն պես: Բոլորին, ովքեր ցանկանում են գրանցվել «Մոյա սվեչա» կայքէջում, նախագծի հեղինակները նվիրում են մեկ վիրտուալ մոմ: SMS հաղորդագրության եւ հեռախոսազանգի գինն է 1,39 եվրո: Եկեղեցու տեսուչ Խոսե Մարիա Դիասի խոսքերով՝ նման ծառայությունը կօգնի եկեղեցուց հարյուրավոր, երբեմն էլ՝ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդկանց մոմ վառել եւ աղոթել: Նրա խոսքերով՝ այդ համակարգը բացառում է եկեղեցում հրդեհի առաջացման հնարավորությունը, պահպանում եկեղեցին մոմի այրումից առաջացող վտանգավոր նյութերից եւ, իհարկե, եկեղեցու եկամտի միջոցներից մեկն է: Շուտով նման վիրտուալ խորաններ կհայտնվեն նաեւ Իսպանիայի հարավում՝ Անդալուզիայում եղած մի շարք եկեղեցիներում:
Նահանգապետի առաջարկը
Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովը հայտարարել է դաշնային որոշ օրենքներում մի շարք շտկումների անհրաժեշտության մասին, որտեղ պետք է հստակորեն ամրագրվեն հասարակության կրոնական կյանքին առնչվող այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «աղանդը», «քայքայիչ պաշտամունքը» եւ «միսիոներական գործը»: Դա կօգնի սահմանափակել ամբողջատիրական կեղծ-կրոնական միավորումների գոյությունը Ռուսաստանում, ապահովել նրանց կողմից օրենքի նորմերի պահպանման հսկողությունը եւ կանխարգելել հակաիրավական գործողությունների կատարումը: Սերգեյ Մորոզովի կարծիքով` երկրում ազգամիջյան եւ միջկրոնական խնդիրների առաջացման պատճառներից մեկը կրոնական կազմակերպությունների եւ ոչ ավանդական երիտասարդական միավորումների պետական եւ հասարակական հսկողության բացակայությունն է: Նահանգապետը կարծում է, թե այդ խնդրի լուծմանը կօգնի պետության եւ կոնֆեսիաների հարաբերությունների զարգացման միասնական հայեցակարգի ստեղծումը դաշնային մակարդակով: «Այդ փաստաթուղթը պետք է հստակորեն սահմանի պետական իշխանության մարմինների եւ ավանդական կոնֆեսիաների միջեւ փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, պետության կարիքները, հետաքրքրությունները եւ դիրքորոշումը», – նշել է նա: