Այսօրվա դրությամբ Հայաստանի պատանի մարզիկները նվաճել են օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի չորս ուղեգիր (2-ը՝ ծանրամարտից, 1-ական՝ ձյուդոյից եւ սպորտային մարմնամարզությունից):
Հայ մարզասերները հուսով են, որ այդ ցուցակը կհամալրեն մեր ազատ եւ հունահռոմեական ըմբիշները: Նրանք մայիսի 20-23-ը մասնակցելու են Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվելիք վարկանիշային միջազգային մրցաշարին:
Նպատակ ունենալով պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում ապահովել հնարավորին չափ մեծ քանակով երկրների մասնակցություն՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն եվրոպական երկրներից յուրաքանչյուրին Սինգապուրում ըմբշամարտի երկու մրցաձեւերից հատկացրել է ընդամենը երկուական տեղ եւ քաշային կարգերը բաժանել ձեւերի միջեւ. հունահռոմեական ոճում՝ 42, 50, 58, 69, 85 կգ, ազատ ոճում՝ 46, 54, 63, 76 եւ 100 կգ:
Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար ըմբիշները Պոզնանում պարտավոր են իրենց քաշային կարգերում հասնել առնվազն եզրափակիչ:
Հայաստանից մրցավայր մեկնելու են երկու ոճերի 5-ական ներկայացուցիչներ: Նրանք են.
Ազատ ոճ
46 կգ՝ Արտակ Հովհաննիսյան,
54 կգ՝ Գոռ Գրիգորյան,
63 կգ՝ Սամվել Պետրոսյան,
76 կգ՝ Գեւորգ Համբարձումյան,
100 կգ՝ Համլետ Աբրահամյան:
Հունահռոմեական ոճ
42 կգ՝ Ալբերտ Վարդանյան,
50 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան,
58 կգ՝ Սուրեն Հասրաթյան,
69 կգ՝ Ասատուր Առաքելյան,
85 կգ՝ Վարոս Պետրոսյան: