Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում շարունակվող շախմատի «Grand Prix»-ի խաղարկության ութերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը տարավ երկրորդ հաղթանակը: Նա սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի Բաիրա Կովանովային եւ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Առայժմ իր հաղթանակը չի կարողանում տոնել մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ Էլինա Դանիելյանը: Նա, որ նույնպես խաղում էր սեւերով, միավորը բաժանեց քաթարցի Ժու Չենի հետ եւ 1,5 միավորով ընթանում է վերջին՝ 12-րդ տեղում:
Երեկ Լիլիթը խաղում էր հնդիկ Համփի Կոներուի, իսկ Էլինան՝ Բաթույագ Մոնգոնտուլի (Մոնղոլիա) հետ:
Իններորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան (նկարում): Նրանից 1,5 միավոր պակաս են վաստակել Նանա Ձագնիձեն (Վրաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Չժու Չենը (Քաթար) եւ Հու Յիֆանը (Չինաստան): Հավասար միավորներով Լիլիթից մեկ աստիճան բարձր է հնդիկ Համփի Կոներուն, չինացի Չժաո Սյուեն 8-րդն է, Բաթույագ Մոնգոնտուլը եւ Բաիրա Կովանովան բաժանում են 9-10-րդ տեղերը, իսկ նախավերջինը Բեթյուլ Յիլդիզն է՝ Թուրքիայից: