Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանների եվրոպական գիշեր -2010»

Մայիս 06,2010 00:00

ԵԽ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո

1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ֆրանսիական թանգարանները ողջունեցին գարնանային որեւէ կիրակի օր իրենց դռները հասարակության առջեւ անվճար բացելու՝ նախարարության առաջարկությունը:  «Թանգարանների գարուն» անվամբ կնքված այս ձեռնարկին 2001 թվականից միացան Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 39 երկրներ՝ առաջին հերթին նպատակ հետապնդելով գրավել հասարակության ուշադրությունը դեպի թանգարանները, որոնք «գտնվում են շատ մոտ, սակայն թվում են շատ հեռու»: Այսպես 2005-ից մեկնարկեց «Թանգարանների գիշերը»՝ հնարավորություն ընձեռելով հասարակության ավելի մեծ խմբերին, հատկապես գիշերասեր երիտասարդներին, այցելել թանգարաններ: 5 տարի անց՝ այս տարի արդեն 6-րդ անգամ կարելի է վստահորեն ասել, որ այս «պատվաստը» քննություն բռնեց: Այն հաջող քննություն բռնեց նաեւ Հայաստանում:
Մտածված լինելով որպես տոնական եւ հաղորդակցություն ապահովող նախաձեռնություն, «Թանգարանների եվրոպական գիշերը», որը սկսում է արեւի մայրամուտի հետ եւ ավարտվում կեսգիշերին, բացի թանգարանային հավաքածուներին եւ մշակութային հարստություններին հասարակության իրազեկության աստիճանը բարձրացնելուց, նպատակ ունի նաեւ նվաճել նոր այցելուներ, մասնավորապես այնպիսիք, որ ուղղակի չեն համարձակվում թանգարաններ այցելել: Սա եվրոպական թանգարանների եւ հասարակության համախմբման հաջողված օրինակ է: «Թանգարանների եվրոպական գիշերը» իրականացվում է մայիսի 18-ի՝ Թանգարանների միջազգային օրվան մոտ որեւէ շաբաթ օր՝ միավորելով այս 2 տոները, ինչպես նաեւ մայիս ամսին Միացյալ Թագավորությունով մեկ կազմակերպվող «Թանգարանային հանգստյան օրեր»   նախաձեռնությունը: Այսպիսով, մայիսը Եվրոպայում արդեն ընդունված է համարել թանգարանների ամիս: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւս պատրաստվում է «Թանգարանների եվրոպական գիշեր-2010» նախաձեռնությանը: Արգելոց-թանգարանը մայիսի 15-ին կհյուրընկալի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խմբերին՝ հույներ ու ասորիներ, հրեաներ ու ռուսներ, լեհեր ու ուկրաինացիներ, բելառուսներ, վրացիներ ու գերմանացիներ, եզդիներ ու քրդեր: Հնավայրին, թանգարանի մշտական ցուցադրությանը եւ «Ուրարտուից Երեւանի գարեջուր» ժամանակավոր ցուցահանդեսին  ծանոթանալուց հետո մասնակիցները կհավաքվեն թանգարանի ներքին բակում՝ հաճելի եւ անկաշկանդ մթնոլորտում ունկնդրելու ազգային փոքրամասնությունների կատարողական խմբերի ելույթները, թանգարանի հարկի տակ միասին անցկացնելու երեկոն եւ ավելի լավ ճանաչելու միմյանց:
Ընդառաջ գնալով 2010-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մշակույթների մերձեցման միջազգային տարի հայտարարելու որոշմանը՝ միջոցառումը կկրի «ՃԱՆԱՉԵՆՔ ԶՄԻՄՅԱՆՍ» խորագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել