Իրանի իշխանությունները որոշել են աշխատանքից հեռացնել եւ հայրենիք ուղարկել տեղական ավիաընկերությունում աշխատող ռուս օդաչուներին: «Արտասահմանցի օդաչուների հեռանալու հարցը նախարարության օրակարգում է, եւ այն սկսել է իրականացվել»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանին:
Նա նաեւ նշել է, որ Իրանի իշխանությունները «Ձձ-154» մակնիշի ինքնաթիռները մտադիր են աստիճանաբար փոխարինել այլ ինքնաթիռներով: Ռուս օդաչուները երկիրը պետք է լքեն երկու ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ այս որոշման մասին Իրանի իշխանությունները հայտարարում էին դեռ այս տարեսկզբից ի վեր, թեեւ ռուսական կողմը դա լուրջ չէր ընդունում՝ հավաստիացնելով, թե իրենց նման պաշտոնական որոշում չի ներկայացվել:
Իրանից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, երեկ այդ երկիրը սկսել է Պարսից ծոցում ռազմածովային զորավարժություններ անցկացնել:
Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին հայտարարել է, որ զորավարժությունները կտեւեն 8 օր: Դրանց կմասնակցեն ռազմանավեր եւ սուզանավեր, ինչպես նաեւ ռազմական ավիացիայի ստորաբաժանումներ: Ի դեպ, սա այս ամսվա ընթացքում Իրանի անցկացրած երկրորդ զորավարժությունն է իր հարավային ափերի մոտ: