Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երկրի խորհրդարանի շենքը գրոհով վերցնելու փորձ արած ցուցարարների մի խմբի նկատմամբ:
BBC-ի մատուցմամբ, Աթենքում մի քանի տասնյակ հազար մարդ դուրս է եկել մայրաքաղաքի փողոցներ եւ մասնակցում է բյուջեի ծախսերի կրճատման՝ հունական կառավարության ծրագրերի դեմ բողոքի ակցիաներին: Դեռ երեքշաբթի օրը Հունաստանի պետծառայողների հայտարարած գործադուլը երեկ վերածվել է համազգային գործադուլի: Չորեքշաբթի օրը երկրում 48-ժամյա գործադուլ է հայտարարվել, չեղյալ են համարվել նախատեսված լաստանավային, երկաթուղային եւ ավիափոխադրումները: Սա վերջին չորս ամիսների ընթացքում Հունաստանում կազմակերպված արդեն երրորդ նման ակցիան է: Երեկ Աթենքում անցկացվելու էին զանգվածային հանրահավաքներ, որից հետո, ինչպես նախատեսվում էր, երթ էր կազմակերպվելու, որն անցնելու էր մայրաքաղաքի բոլոր փողոցներով: Մինչեւ օրվա վերջ փակ են եղել դպրոցները, հիվանդանոցներն ու շատ այլ պետական հիմնարկներ: