Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժի կտակը

Մայիս 06,2010 00:00

«Ես կտակում եմ իմ զավակներին, թոռներին ու ծոռներին՝ ազնիվ աշխատանքով ապրել եւ հարամ հաց չուտել: Անհրաժեշտության դեպքում անձնականը զոհել հասարակականին եւ «եսը» ենթարկել «մենքին»:
Պահպանել բարոյականության, էթիկայի եւ էսթետիկայի բարձր մակարդակ, չվայրենանալ, չկորցնել մարդկային արժանապատվությունը:
Միմյանց սիրել ու հարգել եւ լինել հենակետ: Լինել լավ քաղաքացի, ընկեր ու բարեկամ, երբեք չհպարտանալ եւ չնվաստանալ»,- սա ճանաչված գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ Վազգեն Աղուզումցյանի պատգամն է իր սերունդներին: Այսօր Վազգեն Աղուզումցյանը կլիներ 100 տարեկան: Իր ողջ կյանքն ազգանվեր այդ մարդը նվիրել է ժողովրդի կրթությանը, դաստիարակությանը, մշակույթի եւ գիտության զարգացմանը: Զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ բուհերում, Վ. Աղուզումցյանը մնում է կապված ժողովրդին: Աղուզումցյանը մի շարք գրքերի, գրքույկների, հոդվածների ու գիտական ժողովածուների հեղինակ է: Այս տարի լույս է տեսել Վ. Աղուզումցյանի հիշատակին նվիրված գիրք՝ նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ «Անծռելի ուղիղ մարդը» վերնագրով: Բացի կենսագրական տվյալներից, գրքում հարազատներն ու բարեկամները Վ. Աղուզումցյանի մասին բազմաթիվ պատմություններ են պատմում: «Հայրս մի ծայրահեղություն ուներ,- պատմում է որդին՝ Ռուբեն Աղուզումցյանը,- որը մեր ժամանակներում հատկապես շատ տարօրինակ է: Նյութականի նկատմամբ բացարձակ անտարբեր էր… Հիշում եմ, երբ ռեկտոր էր, իրեն «Մոսկվիչ» ավտոմեքենա էին տվել, այն ժամանակ 3 նման մեքենա կար Երեւանում: Բայց դա ավելի շատ ինստիտուտին էր ծառայում, քան մեր ընտանիքին: Երբ 13 տարեկան դարձա, հայրս վաճառեց մեքենան: Հետո իմացա՝ պատճառաբանել էր, որ ավտոմեքենայով չմեծամտանամ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել