«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է կրթությունը բիզնեսի արդի պահանջներին մոտեցնելուն ուղղված ծրագրերը: «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի ուսումնական երրորդ փուլի ծրագրով մայիսի 4-6-ը նախատեսվում է ընկերության հետ համագործակցող համալսարանների ուսանողներին գործնական գիտելիքներ տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս ուսումնական ծրագրին համահունչ՝ դասընթացին մասնակցության համար ընտրված են համապատասխան մասնագիտացմամբ բուհերի ուսանողները:
«Տեսական եւ գործնական գիտելիքների համատեղման հմտությունը ձեր ապագա կարիերայի համար կարող է կարեւոր դառնալ: Անհրաժեշտ է մոտ կանգնել իրականությանը, անընդհատ հետեւելով, թե ինչպես են գործնականում կիրառվում տեսական գիտելիքները: Որպես պատասխանատու ընկերություն, մենք պարտավոր ենք՝ կրթական համակարգի հետ ձեռք ձեռքի տված, ցույց տալ ձեզ դրան հասնելու ուղին»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դասընթացի ժամանակ ուսանողները հնարավորություն կստանան անդրադառնալու այնպիսի հարցերի, ինչպիսիք են բջջային հաղորդակցություն ապահովող ժամանակակից տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցության ոլորտի վերջին նվաճումները: Ինտերակտիվ դասընթացները վարում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցները:
«Նախանշված նպատակներին հասնելու համար պետք է մշտապես հետեւել սեփական մասնագիտության ոլորտում կատարվող զարգացումներին: ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու եւ նոր խոսք ասելու ձեր հավակնություններն իրականություն կդառնան, եթե դուք հավատաք, որ կարող եք հասնել դրան»,- հավելեց Ռալֆ Յիրիկյանը: