Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը՝ երեխաների շարադրություններում

Մայիս 06,2010 00:00

Արթիկի թիվ 4 դպրոցի աշակերտուհի Մարիամ Բաղդասարյանը «Մենք հաղթանակի սերունդներն ենք» թեմայով շարադրությունների մրցույթում լավագույն աշխատանքի հեղինակն էր: ՀՀ ԿԳ նախարարության՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի առիթով կազմակերպած շարադրությունների մրցույթում լավագույն 10 աշխատանքների հեղինակները երեկ նախարարության հյուրերն էին: Մարիամը «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայրենական մեծ պատերազմի իր սիրելի հերոսներին, ապա ասաց. «Շարադրությանս մեջ ներկայացրել եմ մեր քաջարի մարտիկներին, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի փրկության համար եւ իրենց արյամբ են գրել իրենց անվան տառերը, գրել եմ նաեւ մեր գյուղում՝ Գետափում գտնվող ազատամարտիկի հուշարձանի մասին, որտեղ մեր մանկությունն ենք անցկացրել եւ հերոսական ոգով ենք կերտվել»: Ի տարբերություն Շիրակի, այլ մարզերից եկած երեխաները դժվարացան մտաբերել պատերազմի հայ հերոսներին: Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Միրզոյան Անահիտն էլ իր աշխատանքում արձանագրել է Հայրենական պատերազմի մասնակից պապի՝ Հմայակ Միրզոյանի հերոսական պայքարի դրվագները: Պատերազմի վետերան Վարդան Պողոսյանի ծոռնիկն էլ շարադրությունների մրցույթում լավագույններից մեկն էր: «Ինձ պատմում էին, որ պապիկս պատերազմում հերոսաբար է կռվել, իսկ պատերազմից հաղթանակած վերադարձի ժամանակ արդեն զրկված է եղել թեւից: Նրան ու մյուս հերոսներին են նվիրված մեր գյուղի հուշակոթողները, որոնք նրանց անմահության խորհրդանիշն են»,- ասաց Լոռու մարզից ժամանած աշակերտուհի Պողոսյան Մանեն:
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ պատերազմի փառավոր հաղթանակը տարիների ընթացքում չի մոռացվում. «Հաղթանակի բերկրանքն այնքան քաղցր է, որ ամեն տարի թարմանում է մեր հիշողություններում, ամեն անգամ մի առանձնահատուկ ոգեւորությամբ ենք նշում, եւ որեւէ հայ չի կարող երբեւէ արձանագրել, թե ձանձրացանք հաղթանակը նշելուց: Մենք այն դեռ դարեր հիշելու ու տոնելու ենք: Աշակերտների շարադրությունները բավականին հետաքրքիր էին, թեեւ նրանք երեւակայությամբ չեն կարող պատկերացնել պատերազմը, բայց բավականին հուզիչ են գրում»:
Լավագույն 10 շարադրությունների հեղինակներին փոխնախարարը հանձնեց հայ անվանի նկարիչներ Սարյանի, Սուրենյանցի, Մինասի եւ այլ դասականների ալբոմները: Հանդիպմանը ներկա էին նաեւ պատերազմի մասնակից վետերաններ: Նրանք մտաբերեցին պատերազմի օրերը, հուզվեցին եւ պատանիներին կոչ արեցին հայրենասիրական ոգով ներշնչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել