Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին ծառայում էր որպես մարզասրահ

Մայիս 06,2010 00:00

Բայց գուցե շուտով դառնա թանգարան

\"\"Վերջին շրջանում թուրքերը հասկացել են, որ հայկական եկեղեցա-ճարտարապետական կոթողները կարող են իրենց համար կրկնակի շահավետ լինել: Եկեղեցիների վերակառուցումը կարող է լավ զբոսաշրջություն զարգացնել, հարստացնել երկիրը եւ կարծիք ստեղծել, թե իբր թուրքերը վերանորոգում ու պահպանում են համաշխարհային մշակութային ժառանգությունը: Իրենց շահի համար վերակառուցում են մի եկեղեցի, իսկ դրա հարեւանությամբ գտնվող տասնյակ եկեղեցիներ ու խաչքարեր հավասարեցնում հողին:
\"\"Կեսարիան հայ քրիստոնեական պատմության մեջ ունեցել է մեծ նշանակություն: Այս անունը կապված է քրիստոնեության ընդունման հետ: Պատմական Հայաստանին կից Կապադովկիայի քաղաքներից մեկում՝ Կեսարիայում է գտնվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ չորրորդ դարի սկզբում ձեռնադրվել է Գրիգոր Պարթեւը՝ դառնալով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք ընդունած հայոց առաջին հայրապետը։
Գրիգոր Լուսավորիչը, գալով Կեսարիա՝ Ղեւոնդիոս եպիսկոպոսի ձեռքով ձեռնադրվում է որպես հոգեւորական, ապա օծվում իբրեւ հայրապետ։ Քաղաքը մեծ շուքով ու խանդավառությամբ է դիմավորել սուրբ հայրապետին, որովհետեւ արդեն այստեղ հասել էր Գրիգորի՝ Տրդատ թագավորի բժշկության եւ Խոր Վիրապում կրած անմարդկային չարչարանքների լուրը:
Ժամանակի ընթացքում, պատմական պայմանների թելադրանքով, հայերը կամաց-կամաց սկսեցին հեռանալ Կեսարիայից:
Անցյալ տարի վերաօծվեց Կեսարիայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Դժբախտաբար, Հայաստանն իրավունք չունեցավ թե՛ պաշտոնապես եւ թե՛ հոգեւոր դասից ներկայանալու օծման հանդիսավոր արարողությանը:
Կեսարիան հարուստ է հայկական ճոխ ու գեղանի եկեղեցիներով, որոնցից են նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Յանարթաշ կամ Դարսիյահ հայտնի եկեղեցիները: Մի շարք եկեղեցիներ այսօր կա՛մ չկան, կա՛մ գործածվում են այլ նպատակների համար, կա՛մ էլ կամաց-կամաց քանդվում ու ավերվում են:
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ չկան պահպանված արձանագրություններ, այդ իսկ պատճառով հայտնի չէ կառուցման տարեթիվը: Այն բազիլիկ եկեղեցի է, ունի երեք գմբեթ: Միջին գմբեթը կողքային գմբեթներից բաժանվում է չորս սյուներով: Պատերին եղել են միջնադարյան որմնանկարներ, որոնք, սակայն, Օսմանյան կայսրության շրջանում քանդվել են եւ պատերը ներկվել սպիտակ ներկով: Կեսարիայում 1915 թ. կար 180 տուն բնակիչ:
Ներկայումս, հայկական համայնքի բացակայության պատճառով, տեղի եկեղեցիների մոտ 80 տոկոսը դատարկ է եւ չի ծառայում ծիսական նպատակներին: Բռնագաղթի եւ կոտորածի հետեւանքով հայերը ստիպված եղան թողնել երբեմնի շեն ու շքեղ տներն ու եկեղեցիները: Դատարկված Կեսարիայում անուշադրության մատնված սրբատեղիները գործածվեցին տարբեր նպատակների համար, երբեմն իբրեւ կացարան՝ քոչվորների համար, երբեմն՝ վաճառատուն, իսկ երբեմն էլ՝ աղբանոց, որոնց կողքով անցնելիս նախկին խնկաբույր անուշահոտությանը փոխարինում են գարշանքն ու աղբակույտը:
Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարության Կեսարիա նահանգի պատասխանատու Յահյա Շահինը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են վերացնել Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում երկար տարիներ տեղակայված մարզասրահը։
«Կառուցվում են նոր մարզասրահներ, եւ մենք վերջ ենք դնում եկեղեցում սպորտային գործունեությանը՝ այն տեղափոխելով մարզասրահներ»,- ասել է Շահինը՝ ավելացնելով, որ հնարավոր է՝ եկեղեցին վերաբացվի որպես թանգարան։
Կեսարիայի Աստվածածին եկեղեցին արդեն քառասուն տարի է, ինչ ծառայում է իբրեւ մարզադահլիճ: Օրերս թուրքական թերթերը գրում են. «Մի՞թե կարելի է սուրբ վայրն օգտագործել իբրեւ սպորտատեղի»: Տեսնես՝ երբվանի՞ց թուրքերը սկսեցին քրիստոնեական սրբությունները հարգել, երեւի այն օրից, ինչ հասկացան, թե ինչքան փող են կորցրել ու իրենց դիվանագիտությունն ինչքան կարող է օգուտ քաղել դրանից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել