Երեկ, ժամը 13-ի սահմաններում, վերագործարկվեց Երեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը, որը Տավուշի մարզի Հովք գյուղի տարածքում սողանքի պատճառով ապրիլի 14-ից անանցանելի էր դարձել («Առավոտ», 15.04.2010՝ «Միջպետական ճանապարհը փլվել է»): Աշխատանքներն իրականացրել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Ընկերության ավագ աշխղեկ Դանիել Աբովյանը հայտնեց, որ ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվել են ապրիլի 22-ից: 194 մ երկարությամբ սողանքի գոտուց հանվել է շուրջ 20 հազար խորանարդ մետր հող եւ հանված կավային զանգվածի փոխարեն ճանապարհի տակ, մոտ 80 սմ, որոշ տեղերում՝ 2 -3 մ խորությամբ, քարապատում է կատարվել, ճանապարհի մակերեսն էլ խճապատվել է:
Չնայած ճանապարհը հիմա բաց է, սակայն աշխատանքները շարունակվելու են, նստվածքային տեղերում դրենաժներ են անցկացվելու եւ կատարվելու է քարապատում: Այս ճանապարհի վերականգնման համար պետությունը դեռեւս գումարներ չի հատկացրել: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության, ճանապարհը տեսքի բերելու համար մոտ 126 միլիոն դրամ է հարկավոր:
Իսկ մինչ ճանապարհը կդառնա ճանապարհ, հնարամիտներն իրենց «բիզնեսն» են ծավալում: Օրինակ, իջեւանցի Ավո Ավետիսյանը սողանքը ոտքով շրջանցող մարդկանց վարձակալությամբ՝ 500 դրամով ռետինե երկարաճիտ կոշիկներ է տրամադրում, որպեսզի նրանք չցեխոտվեին: Ավոն նաեւ պոլիէթիլենային տոպրակներ է տրամադրում, որ մարդիկ նախ դրանք հանգնեն, ապա միայն՝ բազմակի օգտագործման կոշիկները: Ավոն ասաց, որ այս գործով 6 օր է զբաղվում, իր ծառայությունից օրական 10 մարդ է օգտվել: Ավոն չմոռացավ ասել, որ աղջիկներին ծառայությունը անվճար է մատուցել, իսկ վեց հոգի էլ գողացել են իր տված երկարաճիտ կոշիկները:
Ներկայումս պետբյուջեից հատկացված 80 միլիոն դրամով «Ամարասշին» ընկերությունը Հովք գյուղի վերեւով ձգվող շրջանցիկ ժամանակավոր ճանապարհն է կառուցում: Մասնագետների գնահատմամբ՝ գումարը բավարար չի լինի շրջանցիկ ճանապարհն ավարտելու համար: Իսկ վարորդները գերադասում են օգտվել հիմնական ճանապարհից, որը, ճիշտ է, կարճ է, բայց այս պահին շրջանցիկ ճանապարհի նման՝ ընդամենը խճապատ: