Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՄԻԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԷ»

Մայիս 06,2010 00:00

Այս կարծիքին է 18 տարեկանից պատերազմին մասնակցած ու հաղթանակը Ճապոնիայում տոնած Անգին Ավետիսյանը:

\"\"

«Մենք միշտ երախտապարտ պետք է լինենք մեր հայրերին, եղբայրներին, որդիներին՝ գլխավերեւում խաղաղ երկինք ունենալու համար, սակայն հայրենիքի պաշտպանը միայն տղամարդը չէ»,- վստահ է Երկրորդ աշխարհամարտի վետերան, խորհրդային բանակի կրկնակի հերոս, 86-ամյա վանաձորցի Անգին Ավետիսյանը, ով 6 տարի մարտնչել է խաղաղության համար: Փոքրամարմին, վտիտ կազմվածքով աղջնակ էր, երբ գնաց բանակ, 18-ը դեռ չէր բոլորել: «Ծննդյանս օրը գնացքում նշեցինք»,- հիշում է նա: Ապա սկսվեցին դաժան կռիվները գերմանական հզոր զորամիավորումների դեմ, խորհրդային բանակի զինվորները մարտնչում էին պարզունակ տեխնիկայով: Հարցին՝ ինչո՞ւ պատերազմ գնացիք, պատասխանեց՝ «Բոլորն էին գնում»:
Ստացվեց այնպես, որ Անգին Ավետիսյանը դարձավ նշանառու ու անգամ հաղթանակից 65 տարի անց մանրամասն հիշում է յուրաքանչյուր մարտը: Առաջինը Սուխումում էր, հակաօդային պաշտպանության, զենիթային-հրետանային գնդի 3-րդ դիվիզիայի 8-րդ մարտկոցում, այնուհետեւ Տուապսեում ու Մալայա Զեմլյայում, ու էլի տեղանքներ ու բնակավայրեր, որտեղ թեկուզ հաղթանակներ չեն գրանցվել, բայց մարտեր՝ որքան ասես: Հերոս կնոջ սեղանին երկու գիրք կա՝ «Մենամարտ թշնամու խրամատում», որտեղ փոքրիկ պատմվածք կա հենց իր մասին՝ «Հրետանու նշանառուն» վերնագրով, եւ «Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում»:
Տիկին Անգինը անվարան նշում է թվերը, չշփոթելով ոչ գնդի, ոչ դիվիզիոնի ու ոչ էլ գումարտակի համարները: Իմ անկեղծ զարմանքին, նույն անկեղծությամբ էլ զարմանում է. «Ես որ մոռանամ էլ՝ պատմության մեջ գրված փաստ է, կթերթեմ, կվերհիշեմ»: Նա առանց շփոթելու նշում է նաեւ, թե որ մարտում քանի զինվոր են կորցրել, թշնամու քանի ինքնաթիռ են ոչնչացրել եւ այլ մանրամասներ: Այսքան լավ հիշողության պատճառը, ըստ նրա, պատմության մասնագետ լինելն է: 65 տարի դասավանդել է Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցում, քանի՜-քանի սերունդ է դաստիարակել նաեւ իր կյանքի փորձով: Նրա հիշողությանը չի կարողացել վնաս հասցնել անգամ ուղեղի կաթվածը:
Հայրենական պատերազմի հաղթանակի բերկրանքը նա չհասցրեց ճաշակել Բեռլինում, քանզի հրաման եղավ. «Արեւելքին ուժեր են պետք, ճապոնացիներն այնտեղ սարսափելի վիճակ են ստեղծել»: Գումարտակն առանց վայրկյան կորցնելու տեղափոխվեց արեւելք՝ մարտնչելու ճապոնացիների դեմ: «Մենք կռվում էինք ռադարներով: Գրանցում էինք ինքնաթիռի հեռավորությունը, բարձրությունը, թռիչքի արագությունը: Յուրաքանչյուր ինքնաթիռ ոչնչացնելիս բարձր գոռում էինք՝ իրար նշան տալու եւ միասին կրակելու համար: Բայց ցուրտ եղանակ էր, կոկորդներս ցավում էր ու երեք օր ձեռք ու ոտքով էինք միմյանց նշան տալիս»,- հիշում է Անգին Ավետիսյանը:
Գումարտակն այնտեղ խաղաղության համար պայքարել է 4 ամիս, մինչեւ կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրումը՝ սեպտեմբերի 2-ը:
«Խաղաղության օրը ես նշում եմ ամբողջ աշխարհի հետ սեպտեմբերի 1-ին, խաղաղության օդը այդ օրվանից եմ շնչել: Յուրաքանչյուր տարվա փետրվարի 23-ին ես բազում շնորհավորանքներ եմ ստանում, եւ երբ որեւէ մեկը անտեսում կամ փոքր-ինչ ուշացումով է շնորհավորում, անկեղծորեն վիրավորվում եմ ու սրտի թրթիռով սպասում: Բայց մարտի 8-ի շնորհավորանքների առանձնապես չեմ սպասում: Այդ մասին բոլորը գիտեն, բոլորի համար պարզ է: Հայրենիքը պետք է պաշտպանել, որպեսզի խաղաղ երկնքի ներքո նշենք բոլոր տոները»,- վստահ է վաստակաշատ մանկավարժ՝ հերոս նշանառուն:
Բազմաթիվ շքանշաններից Անգին Ավետիսյանը ինձ է մեկնում զինված ուժերի հոբելյանների առիթով ստացած մեդալները, որոնց թիվը հասնում է երկու տասնյակի, իսկ շքանշանների ընդհանուր թիվը 48- ն է, պատվոգրերը՝ 68-ը: Փոքր-ինչ վիրավորվում է այսօրվա իշխանությունների վերաբերմունքից: «Հազվադեպ են հիշում մեզ, միայն հոբելյանից հոբելյան, մոռանում են, որ կյանքի գնով ենք ձեռք բերել խաղաղությունը, իսկ խաղաղությունը բանակն է ապահովում, դրա համար եմ ես իմ ծննդյան տոնը նշում բանակի կամ խաղաղության տոնի հետ»,- ասում է Անգին Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել