Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ ոստիկանության Չարենցավանի բաժին տարված Վահան Խալաֆյանի գործով ստուգվում են նաեւ մամուլի այն հրապարակումները, որոնք մասնավորապես առնչվում են ոստիկանության բաժնում Ա. Իսպիրյանի, Շ. Մարկոսյանի, Դ. Գյուլումյանի նկատմամբ ապրիլի 13-ին բռնություններ կիրառելու հետ:
Հատուկ քննչականը տեղեկացնում է, որ վերոհիշյալ անձանց առաջարկվել է ցուցմունք տալ ապրիլի 19-ին: Ա. Իսպիրյանն ու Շ. Մարկոսյանը ցուցմունքներ են տվել եւ գրավոր տեղեկացրել են, որ «իրենց նկատմամբ բռնություններ չեն եղել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ չեն եղել»: Դ. Գյուլումյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
Երեք կասկածյալները ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության: Նրանց մարմնի վրա, ըստ փորձագետների, հետքեր չեն հայտնաբերվել:
Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով իրեն տրամադրել Ա. Իսպիրյանի, Շ. Մարկոսյանի եւ Դ. Գյուլումյանի այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:
Հարցումներ են արվել «Նուբարաշեն» ՔԿՀ եւ ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում նշյալ անձանց բուժզննման ենթարկելու մասին տեղեկություններ ստանալու համար:
«Նուբարաշենից» դեռ պատասխան չի ստացվել:
Հատուկ քննչական ծառայությունը, որը այս գործն իր վարույթ է ընդունել ապրիլի 15-ին, երեկ տեղեկացրեց, որ գործի նյութերում չունի տեղեկություններ բաժին բերված, հետագայում ազատ արձակված Նորայր Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի մասին. «Հետագայում է պարզվել, որ Ն. Չիլյանը ապրիլի 16-ին, իսկ Ա. Առաքելյանը ապրիլի 18-ին մեկնել են Հայաստանի Հանրապետությունից»:
«Առավոտի» տեղեկություններով, դեռ Չարենցավանում են օպերատիվ աշխատակիցները, որոնք վերջիններիս հայտնաբերման ուղղությամբ քայլեր անելու համար հանդիպել են նշված անձանց հարազատներին: