Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԻՆ ԿԵՆԴԱՆԻ ԹԱՂԵԼ ԷԻՆ

Մայիս 06,2010 00:00

Հայաստանի վերջին տասնամյակի ամենադաժան սպանությունը

Անցյալ տարի մարտի 29-ին  Լենինգրադյան փողոցից անհետացավ «ՎԱԶ-21010» մակնիշի 18 LU 431 պետհամարանիշի՝ տաքսու տարբերանշանով ավտոմեքենան: Վարորդը՝ Երեւանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավաբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գարիկ Սարուխանյանն այդ օրը տուն չեկավ: Հաջորդ օրը՝ մարտի 30-ին, ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում տվեց Գարիկի եղբայրը, որ Գարիկը տնից դուրս է եկել ու չի վերադարձել:
Ապրիլի 8-ին հարուցվեց քրեական գործ, իսկ ապրիլի 10-ին կալանավորվեցին Ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետի 4-րդ կուրսի 21-ամյա ուսանող Մանուկ Սահակյանն ու Մանուկի՝ ոչ մի տեղ չաշխատող հարեւանը՝ 26-ամյա Վարդան Վարդանյանը: Նախապես տեղեկացնենք, որ ամբաստանյալները չեն ճանաչել Գարիկ Սարուխանյանին: Վերջինը Բաքվից ազերիներից մազապուրծ եղած ընտանիքի զավակ էր, որն իր ուսման վարձը տալու նպատակով դասերից հետո տաքսի էր վարում: Որդեկորույս մոր՝ Կարինե Վարդազարյանի մտքով իսկ չէր անցնի, որ որդուն գազանաբար սպանել ու կենդանի թաղել են հայրենիքում՝ հայ երիտասարդները:
Իսկ հանցագործությունը բացահայտվել է այսպես: Ըստ քրեական գործի եւ դատաքննական նյութերի, ամբաստանյալների ցուցմունքների, մարտի 29-ին ժ.23.30-ի սահմաններում, Մանուկ Սահակյանն ու Վարդան Վարդանյանը կանգնեցրել են տաքսի ավտոմեքենան: Նրանք վարորդին պատվիրել են, որպեսզի նա գնա Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկ: Նրանց պետք էր ամեն գնով ձեռք բերել դրամ, քանի որ  պարտքեր ունեին: Հասնելով անմարդաբնակ այդ վայրը, նրանք իրենց հետ վերցրած դանակով 28 հարված են հասցնում վարորդին, բռնելով ղեկին ամուր կառչած վերջինիս ձեռքերից: Ըստ նախաքննության մարմնի, ձեռքերը բռնել է Վարդան Վարդանյանը, հարվածները հասցրել՝ Մանուկը: Թեեւ Մանուկը իրեն մեղավոր չի ճանաչել դատաքննության ժամանակ, իսկ նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբանները գտնում էին, որ իրենց պաշտպանյալը եւ Վարդանը մենակ չեն գործել եւ չէին կարող այդպես վարվել…
Գարիկի գլխին, կրծքավանդակին, պարանոցին բազմաթիվ էին դանակի հարվածները… հարվածել են նաեւ բռունցքներով, որպեսզի Գարիկը չդիմադրի: Ի դեպ, վերջինիս մոտից հանցագործները վերցնում են 300 ԱՄՆ դոլար, «NOKIA» բջջային հեռախոսը, ֆոտոխցիկը:
300 դոլարից 200-ը տրվել է Վարդանին:
Մահամերձ վարորդին տեղափոխելով ավտոմեքենայի սրահ, ղեկին է նստում Վարդան Վարդանյանը: Մեքենան ուղեւորվում է նախ նրանց շենքի բակ, Վարդանյանի այգուց 2 բահ են վերցնում, ապա՝ Սիլիկյան թաղամասի Սպանդարյան արտադրական հանգույցի մոտի գերեզմանոցների տարածք: Փոս չեն կարողանում փորել, խճաքարերի տակ թաղում են երիտասարդին, մինչդեռ, ըստ փորձագետի, «մահը վրա է հասել դիահերձումից 2-3 օր առաջ», այսինքն՝ Գարիկը դեռ ողջ է եղել:
Ըստ գործի նյութերի, այդ օրն իրենք անցկացնում են հյուրանոցում:
Մինչ այդ աղբանոցն էին նետվել վարորդի փաստաթղթերը, տաքսու նշանն  ու իրերը: Մեքենան հաջորդ օրը լվանում են եւ վարում:
Մարտի 31-ին Կոմիտասի փողոցում պետավտոտեսուչները կանգնեցնում են հետախուզման մեջ գտնվող մեքենան: Իջնելով ավտոմեքենայից՝ նրանք փախչում են:
Ի դեպ, գործով կա տվյալ, թե Մանուկ Սահակյանին ապրիլի 8-ին, ժ. 17.15-ին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը: Մինչդեռ Մանուկի բարձրաստիճան քեռին՝ Գագիկ Մադոյանը (3-րդ վարչության բաժնի պետ) եղել է նրանց տանը եւ նա, Մանուկից իմանալով կատարվածի մասին, նրան եւ Վարդանին հանձնել է իրավապահներին: Քննիչի հորդորով Մանուկը սկզբնական փուլում փաստաբան չի ունեցել: 40-րդ օրը Մ. Սահակյանը  պաշտպան ունենալու ցանկությամբ դիմել է նախաքննությունն իրականացնող մարմնին:
Մ. Սահակյանը պաշտպան ունենալուց հետո հայտնել է, որ նախապես դերաբաշխում չեն ունեցել, որ երբ ինքը անհանգիստ շարժումներ է արել, վարորդը թեքվել է իր կողմը, հայհոյել եւ չի իմանում, թե ինչպես է վիրավորանքից հարվածներ հասցրել Գարիկին: Այդ պահի համար Մանուկը զղջացել է: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Մանուկ Սահակյանին: Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վարդան Վարդանյանին դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման, ինչին համաձայն չեն տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչները: Նրանք բողոք են բերելու վերաքննիչ դատարան՝ Վ. Վարդանյանի համար պահանջելով ցմահ ազատազրկում: Վ. Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ Մանուկն իրեն ասել է, թե 600-700 000 դրամի չափով պարտք ունի, մտադրվել է հափշտակություն կատարել: Նա չի հիշում, թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարել. «Հիշում է, որ վարորդն ընկել է իր վրա, ինքը բռնել է Մանուկ Սահակյանի ձեռքը, հետո մի պահ իջել է մեքենայից, կրկին նստել ավտոմեքենան, սակայն չի կարողանում բացատրել իր վարքագիծը»: Իսկ մահամերձ տուժողին «թաղելու» դրվագը նկարագրել է այսպես. ինքը մեքենայից չի իջել, Մանուկն է նրան տարել…
Հայտնել է, որ Գարիկի ֆոտոխցիկն ու հեռախոսը պահել է իր մոտ:
Վ. Վարդանյանը հայտնել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են կիրառել ոստիկանության 6-րդ վարչությունում, որ չի ընդունում սպանություն կատարելը: Նա իրեն մեղավոր է ճանաչել այնքանով, որ «ներկա է գտնվել», տեսել է, օգնել է Մանուկ Սահակյանին պարտակել հանցագործությունը:
Անհասկանալի է, թերեւս, այն, որ գողոնը վերցրել է Վարդան Վարդանյանը, այն դեպքում, երբ «պարտքատերը» գործի նյութերով Մանուկ Սահակյանն էր:
Մաշտոցի ոստիկանության բաժնում նա ինքախեղման փորձ էր արել բաճկոնից պոկած ճարմանդի երկաթե կտորով, որպեսզի արյունով գետնին գրի՝ «զղջում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել