Մայիսի 3-ին, երեկոյան՝ ժ. 6:30-ին ադրբեջանական գյուղի երեխաները, Թբիլիսի-Երեւան գնացքը երկաթուղու վրացական՝ Մառնեուլի-Շուլավերի հատվածում քարկոծել են, ինչի հետեւանքով կոտրվել է գնացքի երկու ապակի, բարեբախտաբար՝ ուղեւորները մարմնական վնասվածքներ չեն ստացել: Երեկ «Առավոտը» «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ի՞նչ հաճախականությամբ է մեր գնացքը ենթարկվում քարկոծումների եւ արդյոք անվտա՞նգ է գնացքով երթեւեկելը:
Ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը այդ առիթով վստահեցրեց, որ միջադեպը ամենեւին էլ քաղաքական ենթատեքստ չունի, որ դա ընդամենը «մի խումբ անդաստիարակ երեխաների ձեռքի գործ է»: Պարոն Հարությունյանի խոսքերով, գնացքին առանձնապես մեծ վնաս չի հասցվել. «Միջադեպի մասին տեղեկացրել ենք ՀՀ ոստիկանությանը, Վրաստանի տրանսպորտի եւ ներքին գործերի համակարգին, նաեւ վրացական երկաթուղու տնօրենին: Պետք է տեղում այդ երեխաների հետ նախազգուշական աշխատանք տարվի, Վրաստանում, կարծում եմ, հարցը կլուծեն՝ նման դեպքերը կանխելու համար: Սա հազվադեպ երեւույթ էր, վերջին երկու տարում նման դեպք չի արձանագրվել»: