Լրահոս
Օրվա լրահոսը

Նորերը ներկայացնում են, հներով՝ սպասարկում

Մայիս 06,2010 00:00

Թիվ 82 երթուղին, որը սպասարկում է Նոր Նորքի 8-րդ զանգվածից Շենգավիթ ընկած ճանապարհահատվածը, գիծը սպասարկելու մրցույթը հաղթել է մոտ 50 նոր եւ բարվոք վիճակում գտնվող գազելներով, սակայն օրերս այս երթուղագծում հայտնվել են ամբողջովին մաշված մոտ 10 մեքենաներ: Այդ մեքենաները հիմնականում «գիծ են դուրս» գալիս երեկոյան ոչ «պիկ» ժամերին, որպեսզի ուղեւորների դժգոհությունները քիչ լինեն: 82-ի վարորդներն իրենք էլ են հաստատում այս փաստը: Վարորդների այն դժգոհություններին, թե ի վիճակի չեն այդ հնամաշ մեքենաներով տուն պահել ու ուղեւորներին անվտանգ տեղ հասցնել, ի պատասխան գծատերն ասում է, որ «յոլա գնան»: Նշենք, որ այս գծի ոչ օֆիցիալ սեփականատերն է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Մաշված մեքենաներով է երթուղագիծը սպասարկում նաեւ թիվ 40 երթուղայինը, որը երթեւեկում է Նոր Նորքից Քանաքեռ երթուղագծով: Բացի այն, որ այս ուղեգծի մեքենաները ջարդուխուրդ եղած են, դրանք բավականին ուշացումով են սպասարկում: Ուղեւորը այս երթուղայինին սպասում է ուղիղ 20 րոպե: Թիվ 40-ն էլ մրցույթը հաղթել է 20 մեքենայով, սակայն օրական 10-15 մեքենայից ավելի գիծ դուրս չի գալիս:
Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը «Առավոտին» պարզաբանեց, որ թիվ 82 երթուղին մրցույթը հաղթել է 4 տարով ու այն ժամանակ մրցույթին ներկայացրել է տարբեր տարեթվերի արտադրության մեքենաներ, որոնք բոլորն էլ համեմատաբար նոր մեքենաներ են եղել. «Տարիներ են անցել, արդեն մաշվածությունը պատկերացնում եք՝ ինչքան կլինի: Կային ներկայացված նաեւ զրոյական վազքով մեքենաներ, որոնք այս ժամանակահատվածում հնարավոր է՝ նոր են մնացել»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում գծատերը կամ հենց վարորդը չեն նորոգում մաշված մեքենան՝ նոր սպասարկում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Եթե շարժակազմում եղած մեքենան պետք է փոխի նոր մեքենայով, պետք է գծատերը բարի լինի անել, իսկ եթե անգամ չի փոխում, պետք է գոնե վերանորոգել: Այդպես էլ հիմնականում լինում է: Տարեկան 2 անգամ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղայինները տեխզննություն են անցնում, եթե թերություն են ունենում՝ ապա չեն անցնի»: Մեր այն դիտարկմանը, որ տեխզննության դեպքում էլ հնարավոր է գումար տալով հարցը լուծել, նա պատասխանեց. «Եթե փող է տալու, որ տեխզննություն անցնի, ապա ավելի լավ չի՞ լինի, որ տա շարժակազմը թարմացնելու համար, քանի որ, եթե ներդրում չի արվում, հաճախորդները կպակասեն»: Նշենք, որ թիվ 82 երթուղում օրական միջինը 33-30 մեքենա է լինում:
Ինչ վերաբերում է թիվ 40 երթուղայինին, ապա, ըստ պարոն Հակոբյանի, իրենք չեն կարող մրցույթի արդյունքները փոխել եւ շարժակազմը ավելացնել: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել