Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻՆ ՍՏՎԵՐՈ՞ՒՄ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Մայիս 06,2010 00:00

Որոշ տնտեսվարողների վճարած չնչին սոցվճարները կենսաթոշակ ստանալ ցանկացողին ստիպում են դառնալ մեխ նորոգող, փողոցների հավաքարար կամ ծերանոցի պահակ:

Արդեն քանի տարի է՝ Պետեկամուտների կոմիտեն հրապարակում է խոշոր հարկատուների, ապահովադիրների, շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվողների եւ այլ ցանկեր, որտեղ մշտապես անակնկալներ են լինում՝ կապված այս կամ այն հայտնի ընկերության վճարումների հետ: Սակայն այս տարվա առաջին եռամսյակում 3 մլն դրամ եւ ավելի սոցվճարումներ կատարած ընկերությունների ցանկը պարզապես սառը ցնցուղի պես մի բան էր, որը եւս մեկ անգամ ապացուցեց, որ որոշ տնտեսվարողներ մեզ բոլորիս ուղղակի «մեխի գլխի» տեղ են դնում:
Նման ընկերություններից է, օրինակ, «Օրիֆլեյմը»: Մեր փողոցներում, երթուղայիններում, բնակարաններում, ամենուրեք այդ ընկերության «կատալոգներն» են: Ամբողջ հայ ազգը, կարելի է ասել, «Օրիֆլեյմի» աշխատակիցն է դարձել, փոքր երեխաներից մինչեւ մեծահասակ տատիկները զբաղված են այդ ընկերության կոսմետիկաների գովազդով ու վաճառքով, այս կամ այն կերպ ներգրավված են նրանց ցանցային բիզնեսում: Այդ բազմահազար մարդկանց հաշվին «Օրիֆլեյմը» Հայաստանում արդեն քանի տարի է՝ լուրջ առեւտրային գործունեություն է ծավալում եւ հսկայական եկամուտներ ստանում: Սակայն, պարզվում է, որքան մեծանում է «Օրիֆլեյմի» կատալոգները թեւերի տակ փողոցներում շրջողների բանակը, այնքան ընկերության տնօրինությունն ավելի ու ավելի է մեզ համոզում, թե ինքը ոչ մի աշխատող չունի, հայերը կամավոր ու բարեգործական հիմունքներով են «Օրիֆլեյմի» ապրանքները վաճառում ու պարզապես ի սրտե ուզում են հարստացնել այդ ընկերության տերերի գրպանները: 
Երբ նախորդ տարի հրապարակված ապահովադիրների ցանկից պարզ դարձավ, որ «Օրիֆլեյմը» ողջ տարվա ընթացքում իր աշխատողների համար վճարել է ընդամենը 14 մլն 590 հազար դրամ՝ դա ապշեցուցիչ էր, քանի որ նույնիսկ Կենդանաբանական այգին ավելի շատ սոցվճարումներ էր կատարել, քան այդ ընկերությունը: Իսկ այս տարվա ցանկում «Օրիֆլեյմն» այնքան է նվազեցրել առանց այդ էլ չնչին սոցվճարումները, որ նույնիսկ 1000 ապահովադիրների ցանկ չի մտել: Սա նշանակում է, որ այն չի վճարել նույնիսկ 3 մլն դրամ: 2008-ի նույն ժամանակահատվածում «Օրիֆլեյմը» գոնե 3 մլն 848 հազար դրամ վճարել էր եւ գրավել ցանկում 629-րդ տեղը:
Նշենք, որ Հայաստանում նման ցանցային բիզնես ունեցող եւս երկու ընկերություն կա՝ «Ֆաբերլիկը» եւ «AVON»-ը, որոնք նույնպես «կատալոգների» միջոցով կոսմետիկաներ են վաճառում եւ սոցվճարների ցանկում չկան: Սակայն նրանք աշխատողների քանակով ակնհայտորեն զիջում են «Օրիֆլեյմին»: Ի վերջո, ստվերում կարելի է պահել 1, 2, թեկուզ 10 աշխատակցի, բայց հո ամբողջ ազգին չե՞ս կարող թաքցնել: Հասկանալի է, որ եթե մարդիկ համաձայն են առանց գրանցվելու եւ առանց կենսաթոշակների մասին անհանգստանալու աշխատել «Օրիֆլեյմում»՝ օրվա հացի համար, ընկերությունը ոչ մի շահ չունի նրանց գրանցելու եւ կենսաթոշակային ֆոնդին ամսական վճարումներ կատարելու: Սակայն եթե մեր հարկահավաքներն աչք են փակում «Օրիֆլեյմի» այս խախտումների վրա ու թողնում, որ այդ ընկերությունը վճարի այնքան սոցվճար, որքան քեֆն է թելադրում՝ չպետք է այսուհետեւ որեւէ մասնավոր ընկերության հետեւից ընկնի ու թաքնված աշխատողներին ջրի երես հանի, չէ՞ որ այդ դեպքում էլ գործատուն ու աշխատողը փոխհամաձայնեցված են գործում:
Ընդհանրապես ապահովադիրների ցանկն ուսումնասիրելով՝ համոզվում ես, որ Հայաստանում նորմալ կենսաթոշակ ունենալու համար պետք է աշխատես դպրոցում, մանկապարտեզում, հոգեբուժարանում, տուն-ինտերնատում կամ որեւէ պետական, թեկուզ ամենախղճուկ կորած-մոլորած հիմնարկում: Նույնիսկ Կենտրոնի, Էրեբունու, Աջափնյակի մաքրությամբ զբաղվելն այդ առումով ավելի ձեռնտու է, քան կարգին մասնագետ լինել ինչ-որ խոշոր մասնավոր կազմակերպության, որը տարիներով աշխատեցնում է մարդկանց ու այդպես էլ աշխատանքային պայմանագիր չի կնքում:
«Երեւան հյուրանոցն» այնքան աշխատակից է գրանցել եւ այնքան քիչ աշխատավարձ ներկայացրել, որ այս տարի վճարել է 7,7 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ Նորատուս գյուղի «Ռադիոն» նույն ժամանակահատվածում վճարել է ավելի քան 13 մլն դրամ: Կենսաթոշակի մասին մտածելու դեպքում ավելի լավ է մեխ նորոգող աշխատել Քաջարանի «Մեխ-Նորոգում» ընկերությունում, որը վճարել է 4.5 մլն դրամ, քան «Բրաբիոն Ֆլորա սերվիսում», որն իր «Բրաբիոն VIP»-ի, «Բրաբիոն» հարսանյաց սրահի, «Բրաբիոն» սգո ծառայության, ծաղկի շուկայի եւ ուսումնական կենտրոնի, «Մամա ֆլորա» պարտեզ-կենտրոնի, «Աբիո» առեւտրի համալիրի  աշխատակիցների համար վճարել է ընդամենը 3.3 մլն դրամ: Գյումրիի հաշմանդամ երեխաների տունը եւ Նոր Խարբերդ գյուղի մասնագիտացված մանկատունն իրենց սոցվճարումներով պարզապես ամոթով են թողնում «Վալենսիային», «ՍԱՍ գրուպին», «Միկա Քորփորեյշնին», «Թամարային» եւ բազմաթիվ այլ ընկերությունների:
Այնպես է ստացվել, որ «Նաիրի բժշկական կենտրոնը», որն ունի լավ վարձատրվող հսկայական աշխատակազմ, եւ «Ֆլեշ» ընկերությունը, որի լցակայանները քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ու հաշվել աշխատակիցներին, ավելի քիչ սոցվճարումներ են կատարել, քան «Առաքելություն Հայաստան» բարեգործական ընկերությունը, որը կամավոր սկզբունքով, մի քանի բարի մարդկանց միջոցով փորձում է մեր այս կամ այն հանրակացարանի, ծերանոցի բնակչին որեւէ օգնություն ցուցաբերել՝ լողացնել, կերակրել ու խնամել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել