Այս տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 36 499 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 27,9%-ով: Երեկվա ասուլիսում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը նաեւ ասաց, որ իրականացված գործարքների 32,2%-ը արձանագրվել է Երեւանում, իսկ ակտիվ գործարքային տվյալներով աչքի են ընկել հատկապես Կոտայքի եւ Արարատի մարզերը. «Կոտայքում իրականացված գործարքների քանակը կազմում է 13,6%, իսկ Արարատի մարզում՝ 8,4%»: Պարոն Պետրոսյանը նկատել է, որ վերջին տարիներին մարզերում եւս գործարքային շուկան ակտիվացել է. «Օրինակ, եթե 2001-ի առաջին եռամսյակում մարզերում արձանագրվել էր ընդհանուր գործարքների ընդամենը 49,8%-ը, ապա 2004-ին մարզերին բաժին է ընկել ընդհանուր գործարքների 58,2%-ը, իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 67,8%-ը»:
Պարոն Պետրոսյանի խոսքով, առաջիկայում կպահպանվի գործարքների քանակի աճը, ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, նա ասաց. «Համոզված եմ՝ առաջիկա ամիսներին անշարժ գույքի նվազում եւս չենք արձանագրի: Նախորդ տարվա 4-րդ եռամսյակի հետ երբ համեմատում ենք՝ տեսնում ենք գների աճ, մասնավորապես Երեւանում բնակարանների գները աճել են 2,8%-ով, մարզերում՝ 1,5%-ով»: Կադաստրային գնահատման բաժնի պետը բնակարանների գների աճը չի պայմանավորում դրամի արժեզրկման հետ. «Այն ժամանակահատվածում, որի ընթացքում կատարել ենք մեր ուսումնասիրությունը, դրամի էական արժեզրկում չենք արձանագրել»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կադաստրային արժեքների փոփոխություններ՝ ինչպես շինությունների, այնպես էլ հողամասերի մասով նախատեսված չեն, նա չբացառեց, որ 2013-ին՝ վերագնահատման ժամանակ, փոփոխություններ արձանագրեն: Պարոն Պետրոսյանի խոսքով. «Որոշակի աճել են նաեւ էլիտար շենքերի բնակարանների օտարման գործարքները, սակայն դա կախված է առանձին կառուցապատողներից եւ նրանց կողմից իրականացվող գնային քաղաքականությունից»: Նա նաեւ հավելեց, որ անշարժ գույքի օտարման գործարքների աճին զուգահեռ՝ նվազում են վարձակալության գործարքները: