Շահում է սպառողը
«Օրանժ» ընկերության՝ Հայաստանում ծավալած գործունեության 6- ամսյակի կապակցությամբ երեկ հրավիրած ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ներկայացրեց այս ընթացքում «Օրանժի» ձեռքբերումները, այդ թվում՝ 250 հազար ակտիվ բաժանորդ, որից 225 հազարը՝ ձայնային, իսկ 25 հազարը՝ ինտերնետային ծառայություններից օգտվող: «Օրանժի» ինտերնետային կապից դժգոհ սպառողներին պարոն Դյութուան խոստացավ, որ 2-3 շաբաթից այդ ուղղությամբ աշխատանքները կավարտվեն, եւ կապի որակը կլավանա: Այս հավաստիացումը «Օրանժի» բաժանորդները լսում են արդեն վեց ամիս: «Շուտով», «մի քանի օրից», «մի քանի շաբաթից»՝ այսպես են պատասխանում «Օրանժի» աշխատակիցները դանդաղ եւ անընդհատ կտրտվող կապից դժգոհ սպառողների այն հարցին, թե՝ ե՞րբ վերջապես կլավանա «Ինտերնետ-Հիմա» մոդեմի տված կապի որակը: Սպառողը, սակայն, բացի համբերելուց՝ այլ տարբերակ չունի. այսպես թե այնպես, վճարում է մեկ տարվա համար: Հանուն արդարության նշենք, որ կապի մյուս օպերատորների առաջարկած ինտերնետի որակն էլ առանձնապես չի փայլում, սակայն գովազդի եւ PR-ի մեջ անբարեխիղճ լինելու հարցում սովորաբար սպառողները հենց «Օրանժին» են մեղադրում:
Ընդհանրապես, կապի ոլորտում գործող երեք օպերատորների մեջ մրցակցությունն այնքան ուժեղ է, որ հաճախ նաեւ անառողջ է դառնում: Ճիշտ է, նման մրցակցության արդյունքում հիմնականում շահում է սպառողը: Օրինակ, հենց «Օրանժի» մուտքը շուկա ստիպեց «ԱրմենՏելին» եւ «ՎիվաՍելլին» ոչ միայն նոր ծառայություններ առաջարկել, այլեւ գնային քաղաքականությունը վերանայել: Սակայն երբեմն լինում են նաեւ փոխադարձ մեղադրանքներ եւ մեկը մյուսին «ոտք գցելու» նմանվող երեւույթներ: Օրինակ, ապրիլին «ՎիվաՍելլն» ու HTC ընկերությունը համատեղ հայտարարությամբ հանդես եկան առ այն, որ «ՎիվաՍելլը» հանդիսանում է HTC-ի պաշտոնական ռազմավարական գործընկերն ու նրա արտադրանքի՝ այդ թվում Android համակարգի հիմքով աշխատող սարքավորումների վաճառողը: Եվ ահա մայիսի 4-ին «Օրանժը» հայտարարեց, որ իր խանութներում սկսվել է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը: HTC ընկերությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որով մեկ անգամ եւս հայտնում էր, որ HTC-ն պաշտոնապես իր Android սմարթֆոնները Հայաստանի շուկա կներմուծի մայիսի երկրորդ կեսին, որոնք կվաճառվեն HTC-ի մասնագետների մոտ հատուկ վերապատրաստված աշխատակիցների կողմից: Իսկ ոչ պաշտոնական ճանապարհներով ՀՀ մտած արտադրանքի համար ընկերությունը պատասխանատու չէ եւ որեւէ երաշխիք չի տալիս, ի տարբերություն «ՎիվաՍելլի» ցանցով վաճառված սմարթֆոնների, որոնց վրա կտարածվի HTC-ի պաշտոնական երաշխիքը:
Այս կապակցությամբ «Առավոտի» հնչեցրած հարցին ի պատասխան՝ «Օրանժի» մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, առանց մանրամասնելու, ասաց, որ ինչպես «Օրանժի» խանութներում վաճառվող բոլոր արտադրանքների, այդպես էլ HTC-ի «Անդրոիդ» օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար իրենք պատասխանատու են, եւ գործում է «Օրանժի» երաշխիքային սպասարկումը:
Տեղեկացնենք նաեւ, որ ըստ Բրունո Դյութուայի՝ այսօր ՀՀ բնակչության 83%-ին հասանելի է ընկերության 3G+ ծածկույթը, սակայն դրա մեջ չեն մտնում, օրինակ, Շիրակի եւ Սյունիքի մարզերը: Մինչեւ սեպտեմբեր հասանելիությունը կհասնի 93%-ի՝ խոստացավ պարոն Դյութուան: Տարեվերջին «Օրանժի» խանութների թիվը կհասնի 80-ի՝ ներկայիս 41-ի փոխարեն, կներդրվի եւս $50 մլն, 2009-ին ներդրվել էր $140 մլն: «Օրանժի» գլխավոր տնօրենը անհիմն եւ սուտ որակեց այն լուրերը, համաձայն որոնց՝ «Օրանժում» ընթանում է աշխատակիցների եւ աշխատավարձերի կրճատում, նույնիսկ ասաց, որ հունվարին բարձրացրել են աշխատավարձերը: