Նուբարաշենի տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը, բնապահպան Կարինե Դանիելյանի գնահատմամբ, «քիմիական ռումբ է՝ Երեւանի կողքին դրված»: «Առավոտի» հետ զրույցում նա նկատեց, որ ժամանակին գերեզմանոցի հիմքը չի պատրաստվել այնպես, որ թույները չթափանցեն ստորգետնյա ջրեր, նրա կարծիքով՝ ամենից շատ վտանգված է Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրավազանը. «Վտանգ կա, որ անձրեւաջրերը՝ թունանյութերին խառնվելով, վերգետնյա հոսքերով մեր գետերը կլցվեն, չի կարելի բացառել, որ թունանյութերը կհասնեն նաեւ թեկուզ բավականին հեռու գտնվող Արտաշատի ջրանցք եւ Գետառ»: Տիկին Դանիելյանի խոսքով, եթե առաջիկայում անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, գերեզմանոցում թաղված 500տ թունաքիմիկատները կողողեն հարակից բնակելի տարածքները. «Մարդիկ տարիներ շարունակ իրենց անասուններին արածեցնում են այդտեղ, փաստորեն թունաքիմիկատները մտնում են սննդային շղթա եւ ի վերջո հասնում բնակչությանը»: Տիկին Դանիելյանին մտահոգել է նաեւ վերջին ամիսներին գերեզմանոց ներխուժած «հյուրերի» այցը, ովքեր թաղված թունանյութերը ջրի երես են հանել ու հեռացել՝ իրավիճակն ավելի բարդացնելով. «Երբեմն լուրեր են տարածում, նույնը Ալավերդու մոտակայքում մկնդեղի նյութերի գերեզմանոցի մասին կարելի է ասել, թե ոսկի կա թաղված, մարդիկ էլ գնում ու ոսկի են փնտրում, հնարավոր է այստեղ եւս ոսկի փնտրողներն են այցելել»: Տիկին Դանիելյանը, ինչպես մյուս բնապահպանները, խնդրի դեմն առնելու լավագույն տարբերակը համարում է թունանյութերը հանրապետությունից դուրս բերելը, բայց Դանիելյանի համոզմամբ, կա նաեւ այլ տարբերակ՝ «չարյաց փոքրագույնը». «Խորհրդային տարիներից մնացել են նաեւ այլ թափոնների գերեզմանոցներ, որոնց մասին պետությունը մոռացել է, կարելի է դրանք օգտագործել»:
Թունանյութերի գերեզմանոցով մտահոգված է նաեւ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով. «Նուբարաշենի թունանյութերի գերեզմանոցի վիճակից չպետք է զարմանանք, նույն իրավիճակում է նաեւ Նուբարաշենի տարածքում գտնվող աղբանոցը: Իմ աչքով եմ տեսել՝ ոնց են մարդիկ իրենց անասուններին արածեցնում աղբանոցում, իսկ նկատենք, որ շուկա գալիս է հենց այս անասունների միսը: Երկրում չկա հոգատարություն ժողովրդի ապահովության նկատմամբ»:
Ո՞վ եւ ինչո՞ւ է տակնուվրա արել Երեւանի Նուբարաշենի տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը: Այս հարցի պատասխանը չեն կարողանում գտնել նաեւ բնապահպանության նախարարության փորձագետները: «Առավոտի» հետ զրույցում նախարարության բնապահպանական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանն ասաց. «Վերջերս ահազանգ ստացանք, թե գերեզմանոցն անհայտ անձինք տակնուվրա են արել, ինչից անմիջապես հետո տեղում եղանք եւ տեսանք, որ, իսկապես, ծանր մեքենաների՝ տրակտորների հետքեր կան, եւ գերեզմանոցը լրիվ տակնուվրա էր արված, ակնհայտ է՝ ինչ-որ բան են փնտրել»: Պարոն Քամալյանի խոսքով. «Փորձում էինք հասկանալ, թե «տրուբա» են գցել, թե ճանապարհ են սարքել, բայց նման որեւէ բան չպարզեցինք, մեզ համար անհայտ մնաց՝ ինչու են քանդել»: Պարոն Քամալյանը, սակայն, բացառեց, թե գերեզմանոց այցի նպատակը թունանյութեր տանելն է եղել: Պարոն Քամալյանը նաեւ հավելեց, որ կառավարությանն արդեն ներկայացրել են իրենց առաջարկները. «Տարածքում ցրված թունաքիմիկատների եւ աղտոտված հողաշերտի հավաքում եւ կենտրոնացում թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի վերին շերտում, դրանից հետո տարածքի հարթեցում, սուր ծակող առարկաների մաքրում եւ թաղում տեղում, փշալարապատ գոտու կառուցում եւ պահակային ամենօրյա հսկողության սահմանում»: Նախարարության փորձագետներն ասացին, թե իրավիճակի մասին տեղեկացրել են կառավարությանը, եւ հետագա քայլը նրանցն է լինելու: «Առավոտի» հետ զրույցում կառավարության տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանն էլ ասաց. «Ես նախարարություններից ինչ-որ գրություն կամ առաջարկություն չեմ հիշում, ինչ-որ բանավոր բան եղավ, այս հարցի մասին գիտեմ, քանի տարի է՝ խոսում են, իսկ ավելի կոնկրետ՝ տեղեկություններ ստացեք նախարարություններից»:
Հարցի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ ոստիկանությունից էլ մեզ տեղեկացրին, թե հետաքննությունը ընթանում է: