«Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առայժմ կարծիք չհայտնեց:
– «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը թեպետ նոր-նոր է դրվել շրջանառության մեջ, արդեն հասցրել է աղմուկ հանել։ Ըստ որոշ պնդումների, օրենսդրական այս նախաձեռնությամբ հիմնվելու են դպրոցական առարկաները օտար լեզուներով դասավանդող հաստատություններ: Դուք ի՞նչ կարծիքի եք այս օրինագծի մասին:
– Կարծում եմ, որ ամեն ինչ պիտի անել, որպեսզի հանրակրթությունը Հայաստանում իրողություն դառնա ազգային դպրոցի միջոցով: Օրինագիծը դեռեւս ամբողջովին չենք քննարկել, բնականաբար, դրա վերաբերյալ թիմային որոշում կունենանք: Ասեմ, որ բոլորովին էլ այդպես համատարած բնույթ ունեցող հարց չի, որ Հայաստանը օտարալեզու դպրոցներ կունենա: Ըստ էության, դեռ հայեցակարգին ծանոթ չենք, չգիտենք, թե այս ուղղությամբ կառավարությունը ինչ է մտածում, չնայած՝ ինչ էլ որ լինի, հնարավոր եմ համարում բացառությունները: Բայց եւ գիտեմ, որ համատարած երեւույթներ չեն լինի»:
– Այս օրենքին դեմ արտահայտվողները քարը քարի վրա չեն թողնում, մեղադրում են ՀՀԿ-ական նախարարին, ասելով, որ նա հեռացել է Նժդեհից եւ այլն: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետները:
– Չեմ ուզում լիրիկայի վերածել հարցը, բայց մեր ազգային դպրոցը, կարծում եմ, գտնվում է բարեփոխումների ընթացքում, եւ մենք գնում ենք դեպի մեր ազգային դպրոցը ավելի ու ավելի ամրացնելուն: Իսկ եթե պետության անհրաժեշտության խնդիրներ կլինեն եւ հարկ կլինի որոշակի բացառությունների, ապա դա կքննարկենք եւ մեր կարծիքը կասենք օրենքի վերաբերյալ:
– Հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախկին մամուլի խոսնակը հարկ համարեց հիշեցնել Անդրանիկ Մարգարյանի կոչը՝ ուղղված հանրապետականներին, որ անհրաժեշտ պահին կոշտ հակահարված տալ ռուսականացման նախաձեռնությանը եւ այնպես տապալել, որ այլեւս որեւէ մեկի մտքով չանցնի նորից նման քայլի գնալ: Դուք հիշո՞ւմ եք նման կոչ:
– Խնդիրներ այս տարիների ընթացքում եղել են, նաեւ Ազգային ժողով մտավ նախագիծ, որ ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու համարվի, որ ռուսական դպրոցներին արգելանքներ չլինեն: Մենք պայքարել ենք այդ ուղղությամբ, պայքարել ենք, որ այդ համատարածությունը չլինի, եւ մենք հաջողել ենք: Դա է պատճառը, որ մենք լեզուների խորացված ուսուցման գաղափարը դրեցինք: Իսկ կոնկրետ այս դեպքում խոսքը բացառության մասին է, եւ հարցը կառավարության հետ համատեղ դեռեւս չենք քննարկել: Պետք է նայենք, թե որքանով է դա մեզ համար նպատակահարմար: Սակայն մի բան պարզ է՝ չեն լինի համատարած օտարալեզու դպրոցներ:
– Դուք ինչո՞վ եք բացատրում այդ փոփոխությունների հրապարակ գալը, ինչու՝ հիմա եւ ինչու՝ այս ձեւով:
– Խնդիրը հետեւյալն է՝ առաջին բնութագրումները հետեւյալն են՝ լեզվի իմացությունը, իհարկե, անհրաժեշտ է, եւ այդ քաղաքականությունը մենք տարիներ առաջ ենք դրել, հատուկ հայեցակարգ ենք մշակել, որպեսզի լեզուների իմացությունը Հայաստանում բարձր մակարդակի լինի, արդյունավետ լինի: Այս դեպքում, կարծում եմ, խնդիրը դրվում է հետեւյալի վրա, որ մեր աշակերտները կարողանան այս կամ այն օտար լեզվի տեխնիկական բառապաշարը օգտագործել: Երեւի թե օրենքի հիմքում դա է դրված: Բայց դեռեւս հարցը քննարկելի է, եւ դեռեւս պետք է քննարկենք: Կարծում եմ, խորացված ուսուցումը այդ հնարավորությունները տալիս է, իսկ եթե պետության համար կլինեն շատ կարեւոր խնդիրներ՝ կապված օտարալեզու դպրոցների հետ, ապա մենք չենք տեսնում, որ դա համատարած է լինելու, նույնիսկ, եթե հայեցակարգային լինի եւ պարտադրանք մեր պետության համար, որպեսզի կարողանանք արտասահմանյան երկրների բուհերում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսանողներ ներգրավել, ապա դրանք կարող են լինել մեկ կամ երկու դպրոցներ: Իսկ վերջնական կարծիքը կլինի, երբ հարցը կքննարկվի եւ կուսակցությունում, եւ Ազգային ժողովում, ու մեր կարծիքը կասենք: Առայժմ կարծիք չենք հայտնի: